ՔՊ-ականը՝ Խաչատուր Սուքիասյանի հնչեցրած հայտարարությունների մասին

Խաչատուր Սուքիասյանի՝ բանավոր ելույթում հնչեցրած դիրքորոշումը չի արտահայտում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և խմբակցության դիրքորոշումը։ Այս մասին այսօր ԱԺ-ում խմբակցությունների ճեպազրույցների ժամանակ այս մասին հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։


««Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու խմբակցությունն առաջնորդվում են բացառապես ժողովրդավարական ճանապարհով»։ Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ խորհրդարանական ընդդիմության շարքերում կան երրորդ երկրի շահերը սպասարկող պատգամավորներ, դրա մասին բազմիցս ենք խոսել։ Իսկ թե ինչ տեղի կունենա նրանց հետ․․․ Ամեն բան տեղի կունենա ՀՀ իրավակարգի համաձայն»,- հայտարարեց Հովհաննիսյանը։


Ինչ վերաբերում է այն հարցին՝ եթե ԱԺ-ում կան օտարերկրյա ազդեցության գործակալներ, ինչո՞ւ նրանց նկատմամբ իրավական գործընթաց չի նախաձեռնվում, Հովհաննիսյանը նշեց՝ որովհետև քաղաքական հետապնդման չեն գնում։


Նրա խոսքով՝ իրենից առաջ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչները՝ Սեյրան Օհանյանը, Գառնիկ Դանիելյանը, Հայկ Մամիջանյանը քաղաքական տեքստեր էին հնչեցնում՝ փորձելով համոզել, որ սահմանազատումը սխալ է արվում։


«Սա էսկալացիոն ռիսկեր է ստեղծում Հայաստանի վրա հարձակվելու, ինչի հետևանքով գիտենք, թե ինչ է լինում։ Այ սա է օտարերկրյա ազդեցության գործակալը, որի վերաբերյալ իրավական գնահատականներ տալն այս փուլում բավականին բարդ է, որովհետև գործ ունենք քաղաքական տեքստերի հետ»,- նշեց Հովհաննիսյանը։


Հիշեցնենք՝ երեկ ԱԺ-ում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը նիստի ընթացքում ելույթ ունենալիս սպառնալիքներ էր հնչեցրել ընդդիմադիր պատգամավորների հասցեին։ Նա անդրադարձել էր «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման գործունեությանը և 20 տարի առաջվա որոշ դրվագներ փորձել հիշեցնել հանրությանը` մասնավորաբար ասելով, թե նախկինում Հայաստանում այլ երկրների անուն տվող անձինք կա՛մ բանտում էին հայտնվում, կա՛մ մահանում էին, կա՛մ ունեզրկվում։ Սուքիասյանն ասել էր` եթե ընդդիմադիրներն իրենց չափը չճանաչեն և խանգարեն Հայաստանի զարգացմանը, նրանց հետ նույն այդ գործիքներով կխոսեն։

Քաղաքականություն