«Փյունիկը» հաղթեց Հայաստանի առաջատարին և հավակնում է չեմպիոնի կոչմանը
Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնությունում այսօր կայացել է վճռորոշ խաղը չեմպիոնական մրցավազքում։ Աղյուսակի առաջատարների` «Նոայի» և «Փյունիկի» խաղն ավարտվել է 3։0` հօգուտ «Փյունիկի»։
Հաղթանակն այս խաղում «Նոային» ապահովում էր չեմպիոնի կոչումը առաջնության ավարտից մեկ տուր առաջ, իսկ «Փյունիկի» հաղթանակի դեպքում Եղիշե Մելիքյանի թիմը շրջանցում էր «Նոային» ու երկու միավորի առավելություն ստանում առաջնության ավարտից մեկ տուր առաջ։
Առաջին կեսում «Փյունիկը» զգալի առավելություն ուներ ու արժանիորեն առաջ անցավ հաշվի մեջ։ 11– մետրանոց հարվածով Հովհաննես Հարությունյանը առաջ մղեց «Փյունիկին»։
Երկրորդ կեսում խաղն էլ ավելի լարվեց: «Փյունիկը» կարողացավ զարգացնել իր հաջողությունն ու Յուսուֆ Օտուբանջոն, խփելով իր 21-րդ գնդակը առաջնությունում, կրկնապատկեց «Փյունիկի» առավելությունը։
Իսկ հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ Անտոն Բրատկովը ապահովեց «Փյունիկի» հաղթանակը՝ 3։0։
Այսպիսով առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Փյունիկը» ունի 79 միավոր, իսկ «Նոան» 77։
Առաջնության վերջին տուրում «Փյունիկը» հյուրընկալվելու է «Շիրակին», իսկ «Նոան» ընդունելու է «Վեստ Արմենիային»։ Հանդիպումները կայանալու են մայիսի 25-ին։ Չեմպիոն հռչակվելու համար «Փյունիկին» Գյումրիում բավարարում է նույնիսկ ոչ-ոքի արդյունքը։
Հիշեցնենք, որ «Փյունիկը» Հայաստանի ամենատիտղոսակիր թիմն է ու չեմպիոն է հռչակվել 15 անգամ։