Տեսչական մարմինը Կոտայքի մարզում հեղուկ գազի լցակայանի գործունեություն է դադարեցրել
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Կոտայքի մարզի Նաիրի համայնքի Աշտարակի խճուղի, թիվ 54 հասցեում շահագործվող հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։
Տեսչական մարմնից NEWS.am-ին հայտնում են, որ հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։
Հաշվի առնելով անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը Կոտայքի մարզի վերոնշյալ հասցեի հեղուկացված ածխաջրածնային գազի լցակայանի գործունեությունն ամբողությամբ դադարեցնելու որոշում է կայացրել։
Տեսչական մարմնի և Նաիրիի համայնքապետարանի համագործակցության արդյունքում նշված հասցեում շահագործվող հեղուկ գազի լցակայանն ամբողջությամբ ապամոնտաժվել է։