ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տեղեկություններ կան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ սրբազան
Տեղեկություններ կան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու։ Քաղաքական տարբեր ուժերի հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» առաջնորդ Բագրատ սրբազանը։
Նշենք, որ հայ–ադրբեջանական վերջին պայմանավորվածությունների հետևանքով Կիրանցի որոշ տներ և հողամասեր անցնելու են ադրբեջանական վերահսկողության տակ։ Կառավարությունը խոստացել է փոխհատուցել գյուղացիներին, սակայն նրանք չեն համաձայնում։
«Իմ տեղեկություններով՝ Կիրանց է գնացել ոչ միայն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, այլ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ես չեմ կարող պնդել, որ դա ճիշտ է, և չեմ ուզում պատասխանատվություն վերցնել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նրանք փորձում են գյուղացիներին համոզել, որ վերջիններս վերցնեն փոխհատուցումը։ Դա ներքին տեղեկատվություն է, բայց դրա 100–տոկոսանոց հավաստիությունը հաստատելու պատասխանատվություն չեմ վերցնում»,- ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» առաջնորդ Բագրատ սրբազանը։
Պատասխանելով հարցին՝ նախկին նախագահների հետ հանդիպում ծրագրվո՞ւմ է, Բագրատ Սրբազանն ասաց․ «Ես ո՞վ եմ, որ նախկին նախագահների հետ էս փուլում հանդիպեմ, երբ որոշակի հստակություն կլինի․․․ Իրենք ճանապարհ անցած մարդիկ են, ի՞նչ ասեմ․․․»։
Հավելենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը փակ հանդիպում է անցկացնում տարբեր քաղաքական ուժերի հետ։
«Առաջին հերթին ծանոթանալու եմ նրանց հետ, իրավիճակն եմ ներկայացնելու, երրորդն էլ այս ամբողջ գործընթացի ներառականության մասին ենք խոսելու»,- հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց սրբազանը։
Նա չբացառեց, որ հնարավոր է` ՀՀ վարչապետի հնարավոր թեկնածուի անուն քննարկվի։
«Ամեն ինչ հնարավոր է։ Մենք պարզ, լայն քննարկման ենք հրավիրել։ Շատերն ասում էին, որ պետք չէ բոլորին հրավիրել, բայց ոչ, բոլորին հարգում ենք։ Տերն ինչպես կամենա, այդպես էլ ամեն ինչ կհասնի իր հանգրվանին»,- նշեց սրբազանը։
Հոգևորականի խոսքով` այս պահին մեր ժողովրդի գոյության հարցն է դրված։
«Հիմա մենք պետք է քննարկենք ոչ թե հետևանքները, այլ պատճառը, որը նստած է Հանրապետության հրապարակի իր աշխատասենյակում։ Մենք նպատակ ենք դրել վերացնել այդ պատճառը»,- ասաց Բագրատ արքեպիսկոպոսը։
Նա ընդգծեց, որ իշխանության վերացման գործընթացը պետք է տեղի ունենա օրենքի շրջանակներում: