«Կոպտագույն միջամտություն է Հայաստանի ներքին գործերին». ՔՊ-ական պատգամավորը՝ Լեմկինի ինստիտուտի մասին

Իշխող ուժի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը Լեմկինի ինստիտուտի հայտարարությունը վարչապետի ապրիլքսանչորսյան ուղերձի վերաբերյալ անընդունելի է համարում։ «Կոպտագույն միջամտություն Հայաստանի Հանրապետություն ներքին գործերին, ներքաղաքական կյանքին», - «Ազատության» հետ զրույցում ասաց նա: 


Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը քննադատել է Հայաստանի վարչապետին նրա ուղերձի պատճառով։ Կազմակերպության փորձագետները պնդել են, թե Նիկոլ Փաշինյանն իր մեկուկես էջանոց ուղերձում ոչ բացահայտ կերպով միացել է Հայոց ցեղասպանության ժխտմանը։



«ՀՀ վարչապետը և, առհասարակ, որևէ պաշտոնյա Ցեղասպանությունը հարցականի տակ դնող տառ անգամ չի արտաբերել: ՀՀ վարչապետի հայտարարությունների՝ իմ տպավորությամբ Դաշնակցության գրասենյակում գեներացված նման կամայական մեկնաբանությունները, Հայաստանի կողմից վարվող արտաքին քաղաքականությանն ուղղված գնահատողական դատողությունները դուրս են գիտահետազոտական ինստիտուտի լիազորություններից և մանդատից», - շեշտեց «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը:



Արուսյակ Ջուլհակյանը հույս հայտնեց, որ ինստիտուտը զերծ կմնա Հայաստանի «ներքաղաքական խոսույթին մասնակցությունից և կզբաղվի իր կանոնադրական նպատակներով՝ ցեղասպանությունների կանխարգելմամբ»: «Ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը, Հայաստանի վարչապետը ոգեկոչման պաշտոնական հայտարարություն տարածեց, որում, թվում է, թե մեղավորությունը դնում էր զոհերի վրա՝ ցեղասպանության համար Թուրքիայի ու Ադրբեջանի պատասխանատվությունը կասկածի տակ դնելու նպատակով», - ասված է ԱՄՆ-ում գործող ոչ կառավարական կազմակերպության հայտարարության մեջ։



Հայաստանի վարչապետն, անդրադառնալով ցեղասպանությանը, ապրիլի 24-ի ուղերձում խոսել էր աշխարհաքաղաքական խարդավանքների մասին։ Փաշինյանը, սակայն, դրանում չէր նշել Օսմանյան Թուրքիայի մեղավորության ու ներկայիս Թուրքիայի ժխտողական քաղաքականության մասին։