ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Իսրայելցի զինվորականները գտել և Գազայից դուրս են բերել պատանդների մարմիններ

Իսրայելցի զինվորականները Գազայի հատվածում հայտնաբերել և Իսրայել են տեղափոխել հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչների կողմից գերեվարված երեք պատանդների մարմինները, հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը:


Իսրայելական հատուկ ծառայությունների վարկածով՝ նրանց սպանել են Իսրայելի հարավում երաժշտական փառատոնի մասնակիցների և հյուրերի վրա հարձակման օրը։ Մարմինները հայտնաբերվել են «Շին-Բեթ» ընդհանուր անվտանգության ծառայության հետախուզական տվյալների մշակման արդյունքում՝ մայիսի 17-ի գիշերը: Աճյունները նույնականացվել են, զոհվածների ընտանիքներն արդեն տեղեկացվել են կատարվածի մասին։

Համարվում է, որ պաղեստինյան ռազմականացված խմբավորումները մինչ օրս Գազայի հատվածում պահում են հոկտեմբերի 7-ին սպանված մի քանի տասնյակ մարդկանց աճյունները:





Գազայի հատվածում, արաբական ԶԼՄ-ների հաղորդմամբ, ակտիվացել են ռազմական գործողությունները ՑԱԽԱԼ-ի և գրոհայինների ու պաղեստինյան զինված կազմավորումների միջև:


Նախօրեին Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը հայտարարել է Ռաֆահի շրջան ավելի շատ բանակային ստորաբաժանումներ տեղափոխելու և այնտեղ գործողություններն ակտիվացնելու անհրաժեշտության մասին: Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այն ժամանակ ընդգծել էր, որ Ռաֆայի վրա ցամաքային հարձակումը ՀԱՄԱՍ շարժման ջախջախման առանցքային բաղադրիչն է:


Մայիսի 17-ին հաղորդվել էր, որ Իսրայելի ռազմածովային ուժերի նավերը հարվածներ են հասցրել Ռաֆահին: ՀԱՄԱՍ-ի ռազմականացված թևում «Իզզ ադ Դին ալ Կասսամ» բրիգադները հայտարարել են, որ ականանետներից կրակ են վարել իսրայելցի զինվորականների ուղղությամբ «Ռաֆահ» անցակետում, որը նրանք գրավել էին անցյալ շաբաթ:

Շարունակվել են մարտերը Գազայի հատվածի հյուսիսում և դրա շուրջ գտնվող «Ջեբալիա» փախստականների ճամբարում։ Այստեղ, ըստ տեղի բնակիչների, ՑԱԽԱԼ-ն օգտագործել է ուղղաթիռներ, հարվածներ է հասցրել հրետանուց։


Ռազմական գործողություններին զուգահեռ, Իսրայելի իշխանությունները շարունակում են խորհրդակցությունները ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունների հնարավոր շարունակման և զինադադարի վերաբերյալ: Սպասվում է, որ շաբաթ երկրի ռազմական կաբինետը հենց այդ հարցի շուրջ խորհրդակցություն կանցկացնի։ Բացի այդ, Իսրայելի ղեկավարները նախատեսում են քննարկել նաև ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի այցը, որին սպասում են Իսրայելում: Այդ այցը տեղի կունենա Ռաֆահ քաղաքում ռազմական գործողությունների վերաբերյալ Իսրայելի հետագա ծրագրերի վերաբերյալ Վաշինգտոնի մտահոգության ֆոնին: Այսպես, Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտարարել է, որ Ռաֆախում լայնածավալ գործողությունների սկսվելուց առաջ խիստ անհրաժեշտ է ապահովել խաղաղ բնակիչների անվտանգությունը և ապահովել նրանց մարդասիրական օգնության հասանելիությունը:


Եվրոպայում որոշ երկրներ ավելի կոշտ դիրքորոշում ունեն Գազայում Իսրայելի գործողությունների վերաբերյալ, քան ԱՄՆ-ն։ Հաղորդվում է, որ ԵՄ մի խումբ երկրներ ծրագրում են շուտով հայտարարել պաղեստինյան պետությունը ճանաչելու որոշման մասին: Այս ծրագրի նախաձեռնողը՝ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը, ուրբաթ օրը հայտարարել է, որ տվյալ դեպքում մտադիր չէ միայնակ գործել, այլ հենց այլ երկրների իշխանությունների հետ միասին: Բացի այդ, նա հայտարարել է, որ ԶԼՄ-ների տվյալներն այն մասին, որ Պաղեստինի ճանաչումը նախատեսված է մայիսի 21-ին, չեն համապատասխանում իրականությանը: