Եմենի ափերի մոտ լցանավի վրա հրթիռ է ընկել. ԶԼՄ

Պանամայի դրոշի ներքո ընթացող լցանավը հարձակման է ենթարկվել Եմենի ափերի մոտ, հայտնում են արեւմտյան ԶԼՄ-ները՝ վկայակոչելով անվտանգության ոլորտում ծառայություններ մատուցող Բրիտանական Ambrey ընկերությանը: Նրա տվյալներով՝ նավի վրա հրթիռ է ընկել։ Միջադեպը տեղի է ունեցել Եմենի հարավ-արևմուտքում գտնվող Մոկկա նավահանգստից մոտ 18,5 կմ հեռավորության վրա:



2023 թվականի հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ խմբավորման կողմից Իսրայելի վրա հարձակումից հետո Եմենի հուսիթ ապստամբները, որոնք ներկայումս վերահսկում են Եմենի զգալի մասը, ներառյալ մայրաքաղաք Սանան, ինչպես նաև երկրի հյուսիսային և արևմտյան որոշ տարածքներ Սաուդյան Արաբիայի մերձակայքում, սկսեցին հրթիռներով և անօդաչու թռչող սարքերով հրթիռակոծել Կարմիր ծովում գտնվող նավերը։ Ի պատասխան՝ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան պարբերաբար հարվածներ են հասցնում Եմենում հուսիների միջոցներին և օբյեկտներին։


Այս շաբաթ ավելի վաղ հուսիների «Անսար Ալլահ» խմբավորման առաջնորդ Աբդուլ-Մալիք Ալ-Հուսին կրկին հայտարարել էր, որ ապստամբները հարձակվելու են Իսրայել մեկնող ցանկացած ընկերության նավերի վրա, և ոչ միայն Կարմիր ծովում, այլ բոլոր այն վայրերում, որտեղ կարող է հասնել խմբավորումը:

Պատահարներ