Մարդիկ գումարի դիմաց Վանաձորից Ոսկեպար են գնացել՝ ակցիային մասնակցելու․ ՔԿ
Վանաձոր քաղաքի բնակիչը ձերբակալվել է՝ Ոսկեպարում բողոքի ակցիային մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար։ ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը հայտնում է, որ 27-ամյա երիտասարդին մեղադրանք է ներկայացվել։
Պարզվել է, որ երիտասարդը թիրախավորել է բարեգործական ճաշարանից օգտվող՝ սոցիալապես անապահով մի շարք քաղաքացիների՝ նրանց մասնակից դարձնելով ՀՀ-ում տեղի ունեցող հավաքներին և բողոքի ակցիաներին:
«Հիշյալ անձը 2024 թվականի ապրիլի 24-ին մարդատար ավտոմեքենաներով Տավուշի մարզի Ոսկեպար համայնք է տեղափոխել գումարի դիմաց հավաքներին մասնակցելու համաձայնություն տված թվով 7 անձանց, որտեղ հոգացել է նրանց սնվելու հարցերը, ինչից հետո, պայմանավորվածության համաձայն, հիշյալ քաղաքացիները միացել են տեղում անհնազանդության ակցիա իրականացնող անձանց և մինչև ուշ երեկո մասնակցել միջպետական ավտոճանապարհը փակելու գործողություններին, ապա վերադարձել են Վանաձոր քաղաք ու ստացել նախապես խոստացված 3000-ական ՀՀ դրամ գումարները»,- հայտնում է ՔԿ-ն։
Քննչական կոմիտեն նաև տեղեկացնում է, թե նույն անձը կրկին բարեգործական ճաշարանի մի խումբ շահառուների շահագրգռել է ավտոբուսով մեկնել Երևանի Հանրապետության հրապարակ և մինչև ուշ երեկո մասնակցել «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմից հրավիրված հանրահավաքին։ Մարդիկ հենց տեղում հիշյալ անձնավորությունից ստացել են նախապես խոստացված 3.000-ական ՀՀ դրամներն ու նույն տրանսպորտային միջոցով վերադարձել Վանաձոր:
Վանաձորի 27-ամյա բնակչի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը: Նա ձերբակալվել է՝ խափանման միջոց կալանք կիրառելու նպատակով դատարան ներկայացնելու համար:
Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ ներգրավված բոլոր անձանց ինքնությունները, նաև ֆինանսավորման աղբյուրները պարզելու ուղղությամբ:
ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից կատարված քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից իրականացված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են հավաքներին մասնակցելուն Վանաձոր քաղաքի բնակչի կողմից նյութապես շահագրգռելու դեպքեր:
Այսպես՝ սոցիալական խնդիրներ ունեցող և բարեգործական հասարակական կազմակերպության շահառուներ հանդիսացող Վանաձոր քաղաքի մի խումբ բնակիչներ ՀՀ ազգային անվտանգության Լոռու մարզային վարչության Վանաձորի բաժնում հաղորդում են ներկայացրել այն մասին, որ իրենց համաքաղաքացի 27-ամյա երիտասարդը, նյութապես շահագրգռելով՝ գումարներ տրամադրելով, իրենց մասնակից է դարձրել 2024թ. Հայաստանի Հանրապետությունում իրականացվող հավաքներին և բողոքի ակցիաներին:
Հաղորդման կապակցությամբ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ: