Ի վերջո, Ֆրանսիայի դեսպանը հիմա Բաքվո՞ւմ է, թե՞ ոչ․ հարց՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան
Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը, Տավուշը լավ մեկնարկային կետ է: Այս մասին ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին «Ազատության»-ը տված հարցազրույցում։
«Ազատություն». - Քանի որ այսօր գրեթե բոլորի գլխավոր մտահոգությունը սահմանազատումն է Տավուշ-Ղազախ հատվածում, ես կսկսեմ մեր զրույցը հենց այդ հարցից: Վերջին մի քանի օրվա ընթացքում մենք մի շարք հայտարարություններ ենք լսել արևմտյան, ինչպես նաև տարածաշրջանային երկրներից, որոնք իրենց աջակցությունն էին հայտնում Երևանի և Բաքվի միջև համաձայնությանը։ Մինչդեռ Ֆրանսիան, լինելով Արևմուտքում հայերի ամենամոտ դաշնակիցը, մինչ օրս լուռ է։ Ո՞րն է Փարիզի դիրքորոշումն այս հարցում։
Օլիվյե Դեկոտինյի․ - Լավ է, որ սահմանազատումը սկսվում է։ Առավել ևս լավ է, որ այն սկսվում է Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Դա ակնհայտորեն դրական զարգացում է, որը պետք է շարունակություն ունենա. Հայաստանը Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա որոշակի զիջումների գնալու պատրաստակամություն է հայտնել, և մենք ակնկալում ենք, որ Ադրբեջանը նույնպես կգնա զիջումների։ Ադրբեջանը ներկայումս Հայաստանի տարածքից մեծ կտորներ է օկուպացրել, և այն պետք է դուրս գա այդ տարածքներից։ Ֆրանսիայի վարչապետը վերջերս հիշեցրեց դրա մասին։ Եվ այսպես, մենք կարծում ենք, որ դա լավ զարգացում է, որը շարունակության կարիք ունի:
«Ազատություն»․ - Արդյո՞ք կիսում եք մտահոգությունը, որ արդյունավետ սահմանազատում չի կարող տեղի ունենալ սպառնալիքների ներքո, ինչի գոյությունը ընդունել է նաև Հայաստանի վարչապետը։
Օլիվյե Դեկոտինյի․ - Պետք է ինչ-որ տեղից սկսել: Պետք է ինչ-որ տեղից սկսել և իրականացնել սահմանազատումը բանակցությունների միջոցով։ Տավուշը լավ մեկնարկային կետ է։ Եվ մենք անհամբեր սպասում ենք, որ սահմանազատումը շարունակվի այն սկզբունքների շրջանակում, որոնց շուրջ Ադրբեջանը և Հայաստանը համաձայնել են Պրահայի հռչակագրով։ Դա Ալմա-Աթայի հռչակագիրն է, որով սահմանվում են նախկին խորհրդային հանրապետությունների միջազգային սահմանները, և կողմերը հարգում ու ճանաչում են միմյանց ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
«Ազատություն»․ - Ասացիք՝ Տավուշը լավ մեկնարկային կետ է, լա՞վ, թե՞ կետ, որն այդ պահին միակ հնարավորն էր։
Օլիվյե Դեկոտինյի․ - Այն սկսվել է, և մենք պետք է դրական տրամադրված լինենք։
«Ազատություն»․ - Մի քանի ընդդիմադիր կուսակցություններ, որոնք քննադատում են իշխանության դիրքորոշումն այս հարցում, վերջերս հայտարարեցին, որ պատրաստվում են հանդիպել արևմտյան երկրների դեսպանների հետ։ Հանդիպե՞լ եք նրանց, և ո՞րն է եղել Ձեր ուղերձը։
Օլիվյե Դեկոտինյի․ - Ես հանդիպում եմ նրանց։ Բայց կոնկրետ այդ թեմայով չեմ հանդիպել։ Առաջարկներ ստացել եմ և, իհարկե, կհանդիպեմ։ Ի դեմս Հայաստանի՝ ունենք բարեկամ երկիր, և Ֆրանսիայի դեսպանատունը բաց է բոլոր հայաստանյան քաղաքական ուժերի համար։
«Ազատություն»․ - Վերջին ամիսներին մենք ականատես եղանք Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև հարաբերությունների աննախադեպ վատթարացման, որի հետևանքով Փարիզը Բաքվից հետ է կանչել իր դեսպանին։ Սակայն, անցած շաբաթ ադրբեջանական որոշ, այդ թվում՝ պաշտոնական լրատվամիջոցներ հաղորդեցին, որ դեսպանը վերադարձել է։ Կարո՞ղ եք դա հաստատել:
Օլիվյե Դեկոտինյի․ - Ես Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանը չեմ։
«Ազատություն»․ - Բայց դուք տեղյակ եք չէ՞ Ձեր գործընկերոջից։
Օլիվյե Դեկոտինյի․ - Ես պատասխանատու չեմ այդ երկրի հետ հարաբերությունների համար։ Մենք մի շարք խնդիրներ ունեինք և դեռևս ունենք Ադրբեջանի հետ, որոնց մասին հստակ հայտարարել է մեր ներքին գործերի նախարարը մի քանի օր առաջ՝ դա Ադրբեջանի միջամտության մասին էր մեր ներքին քաղաքականությանը, հատկապես Նոր Կալեդոնիայի տարածաշրջանում: Ներքին գործերի նախարարի ասածին ավելացնելու ոչինչ չունեմ։
«Ազատություն»․ - Ի վերջո, Ֆրանսիայի դեսպանը հիմա Բաքվո՞ւմ է, թե՞ ոչ:
Օլիվյե Դեկոտինյի․ - Չեմ կարող ասել՝ նա Փարիզում է, թե Բաքվում, բայց կարող եմ ասել, որ նա Շուշիում չէ։
Նմանատիպ հոդվածներ
Հրահրողներն էլ եք դուք, պատերազմը կառավարելու անկարողն էլ եք դուք, պայմանավորվողն էլ եք դուք. Բագրատ Սրբազան
Եթե բռունցքվեն, նպատակ սահմաննեն եւ այդ նպատակով գործեն, ոչ մի բան չեն կարող փոխել իրենց կյանքը: Այս մասին այսօր Հանրապե...
Որպես վարչապետի թեկնածու Թաթոյանի անունն է շրջանառվում․ նրա մեկնաբանությունը
Ես չեմ եկել այս հարցը քննարկելու, եկել եմ Բագրատ Սրբազանին և բոլոր նրանց, ովքեր իրենց իրավունքների համար պայքարում են, ա...
«Իրական Հայաստան»․ Փաշինյանի՝ ասուլիսին ցուցադրած սահիկների հետնապատկերում Արագածն է
Ուղիղ 6 տարի առաջ մեր քաղաքական թիմը եւ ես ստանձնեցինք ՀՀ կառավարումը, այդ պահին մեր առաջնային խնդիր ենք համարել այն օրա...
Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը Փաշինյանին կոչ է անում վերանայել իր հայտարարությունները
Լեմկինի ցեղասպանության ինստիտուտը շփոթված և անհանգստացած է 2024 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատա...