«Միայն ոստիկաններն են շրջում, անցնող-դարձողին էլ հարցաքննում, թե` ու՞ր են գնում». Կիրանցի ղեկավար

Տավուշի մարզի սահմանապահ Կիրանց գյուղը շարունակում է արտաքին աշխարհից կտրված մնալ` շրջափակված ոստիկաններով։ Եթե Արցախում այդ իրադրությունը ստեղծվել էր ադրբեջանական զորքերի կողմից, Տավուշում վիճակն ավելի ողբերգական է: Համայնքի մուտքներն ու ելքերը փակված են ՀՀ ՆԳՆ ոստիկանության, ռազմական ոստիկանության ծառայողների կողմից:


24News-ի հետ զրույցում Կիրանց համայնքի ղեկավար Կամո Շահինյանը նշեց, որ 4 կողմից գյուղը փակ է. «Միայն ոստիկաններն են շրջում, անցնող-դարձողին էլ հարցնում, հարցաքննում, թե` ու՞ր են գնում: Փակվել ենք ու չգիտեմ ինչի վերածվել: Ժողովուրդն էլ ա հասկանում, որ իրենք իրենց ուզածն անելու են, թե էլ ինչի՞ համար են էս տանջանքները»:


Շահինյանը նշեց, որ իրենց գյուղը ոչ կիրանցեցիների համար անհասանելի է. «Ո´չ լրագրողներն են կարողանում մուտք գործել, ո´չ հյուրեր ենք կարողանում ընդունել: Մեզ էլ դուրս ու ներս անելու համար անձնագիր են ուզում, մեկին ճանաչելով են թողնում»:


«Ոսկեպարից ինձ զանգում են, որ ուզում են Կիրանց գան, ասում են՝ կարա՞նք գանք, մոտենում եմ ոստիկանին, հարցնում եմ, ասում ա` ոչ: Այսինքն Ոսկեպարից Կիրանց, որ 3 կմ ճանապարհ ա, հիմա մարդը պետք ա 200 կմ ճանապարհ անցնի, գնա հասնի Ալավերդի, որ գա, հասնի էստեղ»,- պատմեց Կիրանցի ղեկավարը:


Կիրանցցիներին ժամկետներ էլ չեն նշել, թե ե՞րբ է գյուղը շրջափակումից դուրս գալու:


Հավելենք` Տավուշի թեմի առաջնորդն իր թեմին չի պատրաստվում միայնակ թողնել խնդիրների հետ։ Թեև Կիրանց գյուղի հատվածում ոստիկանական ուժերը դեռևս փակ են պահում ճանապարհը Բագրատ Արքեպիսկոպոս Գալստանյանը կրկին մեկնել է Կիրանց։


Նա «Փաստինֆո»- ին ասել է, որ ճանապարհին է, երեկոյան մեկնել էր Էջմիածին,- « Բան չկա , հետագա մեր ծրագրերն ենք մշակել , այս պահին Կիրանց եմ մեկնում , Իջևանի ճանապարհին եմ »,- ասաց սրբազանը ։ Սրբազանն ասաց, որ փորձելու է մոտենալ գյուղի փակ մուտքին և գյուղ մտնել։

Քաղաքականություն