Բաղանիսում սահմանազատում անելուց հետո Հայաստանի դարպասները բացվում են. նախկին գյուղապետ. Փաստինֆո

Լուսաձայնային նռնակ կիրառելուց հետո սև բերետավորների հեռանալու պատճառը, կարծում եմ, Բագրատ Սրբազանի ծանրակշիռ խոսքը, հորդորն էր։

Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Բաղանիսի նախկին գյուղապետ Նարեկ Սահակյանը։

«Չնայած դրան՝ մարդկանց շրջանում մտավախություն կա, որ կարող են նման ու էլ ավելի ծանր միջոցներ կիրառել խաղաղ բնակչության դեմ՝ չնայած, որ ցուցարարների շրջանում կանայք ու երեխաներ կան։ Ամեն ինչ էլ սպասելի է, դրա համար էլ բնակչությունը զգոնությունը չի կորցնում, ի վերջո, այս ընթացքում բոլորս էլ համոզվել ենք, որ մի բան ասում են, մեկ այլ բան անում», - ասաց նախկին գյուղապետը։

Նա ընդգծեց, որ Կիրանցի ճանապարհն այս պահին էլ փակ է։ «Մենք սահմանազատմանը դեմ չենք, սահմանազատում թող լինի, բայց ոչ միակողմանի զիջում։ Մենք էլ հողեր ունենք, որ իրենց վերահսկողության տակ է, դրանց ճակատագրի մասին մենք տեղյակ չենք, չգիտենք, դրանք փոխանցվելու են մեզ, թե ոչ։ Չգիտենք, թե ինչ է մեզ սպասվում։

Հայաստանի դարպասներից մեկն էլ Բաղանիսն է, այս տարբերակով սահմանազատում անելուց հետո Հայաստանի դարպասները բացվում են ու տարիներով ամրապնդված բնագծերը ճեղքվում են թուլանում են, մեր անհանգստությունը սա է»,-ասաց Սահակյանը։

Քաղաքականություն