36-ամյա վարորդը ճանապարհին նետել է մեքենայի թափքում գտնվող մարտական նռնակը՝ իր պայթուցիչով

Ոստիկանության Թալինի բաժնի քրեական հետախույզները, ստացված օպերատիվ տեղեկությունները ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողների հետ իրացնելով, մարտի 25-ին Արագածավան գյուղի վարչական տարածքում հայտնաբերել և Թալինի բաժին են տարել Երևանի բնակիչ 26 և 36 տարեկան երկու երիտասարդի՝ օբսիդիան տեսակի հանքաքարով բեռնված «ԳԱԶ» մակնիշի մեքենայով հանդերձ: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից։


Բացատրական աշխատանքի արդյունքում 36-ամյա վարորդը խոստովանել է, որ ճանապարհին նետել է մեքենայի թափքում գտնվող մարտական նռնակը՝ իր պայթուցիչով: Նրա մատնանշած վայրում՝ Դաշտադեմ-Քարակերտ ճանապարհի 2-րդ կմ հատվածում, հայտնաբերվել է «Ֆ-1» տիպի մարտական նռնակ` պայթուցիչով:


Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն։


Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն:

Քաղաքականություն