Մոսկվայում տարհանել են «Կրոկուս»-ից հիվանդներ ունեցող հիվանդանոցը՝ ռումբի սպառնալիքի պատճառով

Մոսկվայում պայթյունի սպառնալիքի պատճառով 700 մարդ Է տարհանվել հիվանդանոցից, որտեղ գտնվում են նաև «Կրոկուս Սիթի Հոլլում» տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածները: Այս մասին հայտնում է Mash տելեգրամյան ալիքը։ Տեղեկությունը փոխանցում է gazeta.ru-ն։


Նշվում է, որ հնարավոր պայթյունի մասին նամակը ստացվել է Պիրոգովի անվան ազգային բժշկա-վիրաբուժական կենտրոնի փոստին: Նշվում է, որ 40 րոպե տևողությամբ ժամաչափով ֆոսֆորային ինքնաշեն պայթուցիկ սարքերի մասին է խոսքը, որոնք գտնվում են բուժհաստատության մի քանի հարկերում գտնվող չորս ուսապարկերի մեջ:


Մարդկանց դուրս են բերել շենքից։ Դեպքի վայր են ժամանել օպերատիվ ծառայությունները։


Մարտի 23-ին մերձմոսկովյան Իստրա քաղաքային օկրուգի ղեկավար Տատյանա Վիտուշևան հայտարարել է, որ Մոսկվայի մարզի բնակիչներին անհայտ համարներից «ահաբեկչական բնույթի» հաղորդագրություններ են գալիս: Նա խնդրեց, որ դրանք այլևս չուղարկեն:


Մարտի 22-ի երեկոյան ահաբեկչություն է տեղի ունեցել Մոսկվայի «Կրոկուս Սիթի Հոլ» համերգասրահում։ «Պիկնիկ» խմբի ելույթից առաջ դահլիճ են ներխուժել զինված մարդիկ և կրակ բացել հանդիսատեսի ուղղությամբ։ Դրանից հետո պայթյուններ են որոտացել, հրդեհ է բռնկվել։ Ռուսաստանի Քննչական կոմիտեն ահաբեկչության մասին քրեական գործ է հարուցել: