ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սողոմոն Թեհլերյանի հուշարձանի բացումը՝ Մարսելում

«Նեմեսիս» գործողության մասնակից, հայ վրիժառու, Հայոց ցեղասպանության վերապրած Սողոմոն Թեհլերյանի հուշարձանը տեղադրվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում։

Մարտի 15-ին տեղի է ունեցել հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը։

Միջոցառման ընթացքում ֆրանսահայ երեխաները երգել են «Գինի լից» երգը, պաստառներ պահել իրենց ձեռքերում, որոնցից մեկի վրա գրված էր` «Թեհլերյան արդարադատ»։

2017 թվականին Մարսելում հրապարակներից մեկը պաշտոնապես անվանվել է հայ վրիժառուի անունով։

Հիշեցնենք, որ Սողոմոն Թեհլերյանը ծնվել է 1897 թվականին` Արևմտյան Հայաստանի Երզնկա գավառում։ Առաջին համաշխարհային պատերազմը սկսվելուն պես մեկնել է Հայաստան, ուր մասնակցել է կամավորական շարժմանը Անդրանիկ Օզանյանի գնդում։

1915 թվականին վերապրել է ցեղասպանությունը, 1921 թվականի մարտի 15-ին Բեռլինում գնդակահարել է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչ, Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթ փաշային։ Նույն տարվա հունիսի 2-ին Թեհլերյանին գերմանական դատարանն անպարտ է ճանաչել, ինչից հետո վերջինս մեկնել է Բելգրադ, ապա մի քանի տարի անց՝ ԱՄՆ։ 1960 թվականին` 64 տարեկանում, մահացել է Սան Ֆրանցիսկո քաղաքում, թաղվել է Ֆրեզնոյի հայկական «Արարատ» գերեզմանատանը։