Կոտայքի մարզում հայտնաբերվել է տղամարդու այրված մարմին

Մարտի 13-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։


Ժամը 16:00-ի սահմաններում Եղվարդի հիվանդանոցից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Եղվարդ քաղաքի կամրջի հարևանությամբ գտնվող տարածք, որտեղ հայտնաբերել են տղամարդու այրված մարմին։


Ինչպես հայտնում է կայքը՝ ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 76-ամյա Համլետ Գ.-ի դին՝ այրված վիճակում։ Դեպքի մասին ոստիկանության Նաիրիի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։


Դեպքի փաստով Նաիրիի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։


Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը չոր խոտը այրել է, ինչի պատճառով ծխախեղդ է եղել ու այրվել։