Զիմբաբվեի ոստիկանությունը ձերբակալել է անձի, ով իր ֆերմայում պահում էր ավելի քան 200 երեխայի

Զիմբաբվեի ոստիկանությունը ձերբակալել է ինքնահռչակ «մարգարե» և կրոնական աղանդի առաջնորդ Իսմայել Չոկուրոնգերվային և նրա յոթ համախոհներին հանցավոր գործունեության համար, այդ թվում՝ անչափահասների իրավունքները ոտնահարելու համար։ Այս մասին հայտնում է News Day պորտալը՝ հղում անելով Զիմբաբվեի ոստիկանության ներկայացուցիչ Փոլ Նյաթիին։

Ձերբակալությունները հաջորդել են Հարարեի մերձակայքում գտնվող ֆերմայում ոստիկանական գործողություններին: Ինչպես պարզվել է, այնտեղ 246 անչափահաս է եղել, նրանք հարկադրված են եղել աշխատել։

«Ոստիկանությունը պարզել է, որ դպրոցահասակ երեխաներից ոչ մեկը դասերի չի հաճախել, նրանք օգտագործվել են որպես էժան աշխատուժ», – մեջբերում է պորտալը Նյաթիին։

Բացի այդ, ոստիկանության ներկայացուցչի խոսքով, ֆերմայում հայտնաբերվել է 16 գերեզման, որտեղ թաղված է եղել 9 մեծահասակ և 7 երեխա։