
70-ամյա Շաքրո Մոլոդոյը վաղաժամկետ ազատ արձակվել Կրասնոդարի բանտից

Կրասնոդարի երկրամասի Ուստ-Լաբինսկի շրջանային դատարանը բավարարել է Շաքրո Մոլոդոյ անունով հայտնի Զախարի Կալաշովի միջնորդությունը՝ պայմանական վաղաժամկետ ազատման վերաբերյալ։ Այս մասին հայտնում է Коммерсант-Кубан-ը՝ հղում անելով Տարածաշրջանային դատարանների միասնական մամուլի ծառայությանը։
Դատարանը Կալաշովի միջնորդությունը քննարկել է դռնփակ։ Ազատ արձակման որոշումը կայացվել է բանտարկյալի առողջական վիճակի վերաբերյալ բողոքների պատճառով։ Թե կոնկրետ երբ Կալաշովը կազատվի գաղութից, չի նշվում։
112 թելեգրամյան ալիքի փոխանցմամբ՝ 70-ամյա Կալաշովը առողջական վիճակի վատթարացման պատճառով բազմիցս դիմել է պայմանական վաղաժամկետ ազատման համար։
2024 թվականի մարտի սկզբին քրեագետ և Ուրալի պետական իրավաբանական համալսարանի դոցենտ Դանիլ Սերգեևն ենթադրություն արեց, որ Կալաշովը գաղութից ազատվելուց հետո կարող է կրկին քրեական պատասխանատվության ենթարկվել։ Փորձագետի խոսքով՝ Շաքրո Մոլոդոյին մեղադրանք է առաջադրվել «հանցավոր հիերարխիայում ամենաբարձր պաշտոնը զբաղեցնելու» համար (ՌԴ Քրեական օրենսգրքի 210.1 հոդված):
Զախարի Կալաշովը Ռուսաստանի և Վրաստանի քաղաքացի է։ 1971 թվականին գաղութում նա թագադրվեց որպես «օրենքով գող»։ 1990-ականների վերջին մի քանի մահափորձից հետո Կալաշովը գաղթեց Իսպանիա։ 2010 թվականի հունիսին Մադրիդի դատարանը նրան դատապարտել է 7,5 տարվա ազատազրկման և 20 միլիոն եվրո տուգանքի՝ ապօրինի ձեռք բերված միջոցների լվացման և հանցավոր խմբավորում ստեղծելու համար։ 2014 թվականի վերջին Կալաշովին արտաքսեցին Ռուսաստան։