Նախագիծն ընդունվեց. Երևանի տրանսպորտի ուղեվարձը սեպտեմբերից կփոխվի

Երևանի ավագանին 32 կողմ, 2 դեմ, 0 ձայներով ընդունեց հանրային տրանսպորտի նոր ուղեվարձը սահմանելու նախագիծը։ Ավագանու «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները չմասնակցեցին քվեարկությանը։


Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահություն հայտնեց, որ համակարգը կգործի:


«Շուտով կայքում կհրապարակենք մի հաշվիչ, որը թույլ կտա ձեր հանրային տրանսպորտից օգտվելը պլանավորել ֆինանսական տեսանկյունից, և ես ձեզ վստահեցնում եմ, որ այն ահասարսուռ և վախենալու թանկացումները, որոնք բարձրաձայնվում էին նախկինում և բարձրաձայնվում են այսօր, ուղղակի իրականությանը չեն համապատասխանում»,- ասաց Ավինյանը՝ հորդորելով երևանցիներին անձամբ ծանոթանալ նախագծին:


Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ ավագանու նախորդ նիստում մանրամասն քննարկվել է նախագծի ընդհանուր տրամաբանությունը, հետևաբար նա անդրադարձավ փոփոխություններին, որոնք կատարվել են առաջին քննարկումից հետո։


«Երեք տոմսային փաթեթների մասով՝ ամսական, եռամսյակային և տարեկան, հանվել են երթևեկության սահմանափակումները և փաթեթները ենթադրելու են անսահմանափակ երթևեկության հնարավորություն սահմանված ժամկետների շրջանակներում։ Երկրորդ՝ երեք տոմսային փաթեթները նախատեսվել են ավելի մատչելի գների համար՝ համեմատած սկզբնական նախագծի տարբերակի։ Մասնավորապես ամսական, եռամսյակային և տարեկան փաթեթների համար սահմանվել է համապատասխանաբար 9000 և 8800 դրամ՝ կախված թվային կամ ֆիզիկական կրիչի համար, 24000 և 23600 դրամ, 90000 և 88000 դրամ»,- ասաց փոխքաղաքապետը։


Գրիգորյանը տեղեկացրեց, որ որոշակիորեն հասցեագրվել է նաև այն ուղևորների մտահոգությունը, ովքեր հաճախ չեն օգտվում տրանսպորտից և հավելեց, որ 10-անգամյա ուղևորության լիցքավորման փաթեթը կարժենա 2200 և 2100 դրամ՝ կախված ֆիզիկական կամ էլեկտրոնային կրիչից։


«Նախագիծը դրվել էր հանրային քննարկման և հաշվի առնելով, որ արձանագրվել էր լրացուցիչ քննարկման անհրաժեշտություն, ապա լսեցինք բոլոր կարծիքներն ու առարկությունները, հետևաբար նախագծի ներկայիս տարբերակն ունի երկու նպատակ՝ շարունակել սուբսիդավորումը, բայց ունենալ հնարավորություն այդ սուբսիդավորումը պահել որոշակի տրամաբանության շրջանակներում՝ համաչափ ծախսեր չանելով ի հաշիվ այլ ոլորտների, և երկրորդ՝ վերացնել ստվերի տեսքով առկա արատավոր երևույթները, ունենալ ավելի ճշգրիտ տվյալներ՝ հետագայում ավելի տվյալահեն որոշումներ կայացնելու համար»,- ասաց Գրիգորյանը։


Փոխքաղաքապետը նշեց, որ նախագծի ուժի մեջ մտնելը նախատեսված է սեպտեմբերի 1-ին, երբ արդեն գիծ դուրս եկած կլինեն 8,6 մետր երկարություն ունեցող 171 ավտոբուսներ։ Նա տեղեկացրեց, որ նախագծի ուժի մեջ մտնելու հետ միաժամանակ պետք է նաև գործեն արտոնությունների փաթեթները, որոնց վրա քաղաքապետարանը դեռ ժամանակ կունենա աշխատելու։ Գրիգորյանը հավաստիացրեց, որ այդ հարցում կառավարվելու են միջազգային փորձով, ուստի արտոնյալ խմբերի (ուսանողներ, սոցիալապես անապահով անձինք) խնդիրները լինելու են քաղաքապետարանի ուշադրության կենտրոնում։