
«Ամբողջ աշխարհի համար ավելի լավ կլինի, որ Թրամփը վերադառնա Սպիտակ տուն». Օրբան

Ամբողջ աշխարհի համար ավելի լավ կլինի, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը վերադառնա Սպիտակ տուն, քանի որ նրա նախագահության ընթացքում Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում հակամարտություններ չեն եղել, հայտարարել Է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը: Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Նախագահ Թրամփը խաղաղության նախագահն էր։ Նա հարգված էր աշխարհում և դրանով իսկ պայմաններ ստեղծեց խաղաղության համար: Իր նախագահության օրոք խաղաղություն կար Մերձավոր Արևելքում, ինչպես նաև՝ խաղաղություն՝ Ուկրաինայում։ Այսօր էլ պատերազմ չէր լինի, եթե նա դեռ ԱՄՆ նախագահ լիներ։ Մենք համաձայնեցինք, որ խաղաղություն կլինի այն ժամանակ, երբ կգտնվեն համաշխարհային առաջնորդներ, որոնք խաղաղություն են ուզում։ Ես հպարտ եմ, որ Հունգարիան այդ երկրների թվում է», - ասել է Օրբանը սոցցանցում հրապարակված տեսաուղերձում։
Օրբանը հայտնել է, որ Հունգարիայի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառությունը գերազանցել է ինը միլիարդ դոլարը, սակայն Բուդապեշտը հույս ունի նոր ազդակ ստանալ հունգարա-ամերիկյան առևտրային հարաբերություններում, Եթե Թրամփը վերադառնա Սպիտակ տուն:
«Ամերիկացիները պետք է սեփական որոշումը կայացնեն։ Իսկ մենք՝ հունգարացիներս, պետք է ազնվորեն խոստովանենք, որ ավելի լավ կլիներ աշխարհի համար, և Հունգարիայի համար էլ ավելի լավ կլիներ, եթե նախագահ Դոնալդ Թրամփը վերադառնար», - հավելել է Օրբանը: