«Fly Arna-ի» միակ օդանավը թռել է Շարժա, ապա հանվել հայկական գրանցումից. ի՞նչ է սպասվում փոխադրողին
«Հետք»-ը գրել է․
«Հայկական ազգային ավիաուղիներ» ընկերության (հայտնի է որպես «Ֆլայ Արնա») միակ ինքնաթիռը, որը հունվարի 16-ից անգործ կանգնած էր «Զվարթնոցում», փետրվարի 26-ին թռել է Շարժա: Իսկ Քաղավիացիայի կոմիտեի՝ այսօր հրապարակած ցանկում այդ օդանավը բացակայում է, ինչը նշանակում է, որ այն հանվել է հայկական ռեգիստրից:
Հիշեցնենք, որ մինչեւ 2023 թ. նոյեմբեր «Ֆլայ Արնան» ուներ 2 հատ «Airbus A320» տիպի օդանավ, որոնք ՀՀ-ում գրանցված էին որպես EK-YRB եւ EK-YRC: Նոյեմբերի 9-ին EK-YRC-ն Երեւանից մեկնել էր Շարժա, իսկ նույն ամսվա վերջին ապագրանցվել էր հայկական ռեգիստրից ու հետո մտցվել ԱՄԷ օդանավերի ռեգիստր՝ «Air Arabia»-ի ավիապարկ (արաբական գրանցումը՝ A6-AQH): Ներկայում A6-AQH-ն թռիչքներ է իրականացնում արաբական փոխադրողի կազմում:
Փաստորեն, փետրվարի 26-ին EK-YRB-ն եւս մեկնել է Շարժա, որտեղ բազավորվում է «Air Arabia»-ն: Քանի որ, ինչպես ասվեց, այն եւս հանվել է ՀՀ օդանավերի ռեգիստրից, ստացվում է, որ կրկնում է EK-YRC-ի անցած ուղին: Այսինքն՝ տրամաբանությունը հուշում է, որ ինքնաթիռը շուտով գրանցվելու է այլ երկրում, ըստ ամենայնի՝ հենց ԱՄԷ-ում՝ «Air Arabia»-ի կամ նրա դուստր ընկերություններից մեկի կազմում:
«Ֆլայ Արնան» հայ-արաբական համագործակցության արդյունք է: Դրա 49 %-ը պատկանում է «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ին (ANIF), որը պետական հիմնադրամ է, 49 %-ն էլ պատկանում է արաբական «International Business Company (FZE)»-ին, որը փոխկապակցված է «Air Arabia» ավիաընկերությանը: Փաստացի հենց արաբական այս փոխադրողն է համարվում «Ֆլայ Արնայի» բաժնետեր: Մնացած 2 %-ը պատկանում է ՀՀ քաղաքացի Վարուժան Ներգիզյանին, որը լիբանանահայ տնտեսագետ ու գործարար է, ԱՄԷ-ի, Լիբանանի եւ Մերձավոր Արեւելքի այլ երկրների բիզնես շրջանակների ներկայացուցիչ է:
Հիշեցնենք, որ «Ֆլայ Արնայի» եւ դրա հայկական հիմնադիր ԱՆԻՖ-ի գլխին սեւ ամպեր են կուտակվել նախորդ տարեվերջից: Դեկտեմբեր-հունվար ամիսներին կադրային փոփոխություններ եղան ԱՆԻՖ-ում. փոխվեց տնօրենների խորհուրդը, որի նախագահ դարձավ էկոնոմիկայի փոխնախարար Անի Իսպիրյանը: Կարճ ժամանակ անց Իսպիրյանը պաշտոնանկ արվեց եւ դարձավ մեղադրյալ մի քրեական վարույթով, որը, սակայն, կապ չունի ԱՆԻՖ-ի հետ: Այդուհանդերձ, ԱՆԻՖ-ի մասով եւս քրեական վարույթ կա, որը նախաձեռնվել է մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու հոդվածով: Նախաքննությունն իրականացնում է Հակակոռուպցիոն կոմիտեն:
ԱՆԻՖ-ի նորակազմ խորհուրդը հունվարին ֆոնդի գործադիր տնօրենի պաշտոնից հեռացրեց Դավիթ Փափազյանին՝ ժամանակավոր պաշտոնակատար նշանակելով ԱՆԻՖ-ի աշխատակից Տիգրան Ղազարյանին:
2023-ի տարեվերջին «Ֆլայ Արնայի» հիմնադիրները ավիաընկերության կանոնադրական կապիտալը 6 մլրդ դրամից դարձրին 8 մլրդ: Հունվարին ԱՆԻՖ-ը «Հետքին» հայտնել էր, որ սրա պատճառն ավիաընկերությունում ծագած «որոշակի ֆինանսական խնդիրներն» են: Ֆոնդը չէր պատասխանել մեր հարցին, թե ինչու ավիաընկերությունը հունվարի 16-ից թռիչքներ չի կատարում: Խնդրել էինք նաեւ մեկնաբանել հայկական մամուլում հայտնված տեղեկություններն այն մասին, որ ԱՆԻՖ-ի եւ «Air Arabia»-ի միջեւ խնդիրներ են ծագել «Ֆլայ Արնայի» վերաբերյալ պայմանավորվածությունները կատարելու շուրջ, սակայն արձագանք չէր եղել: ԱՆԻՖ-ը «Հետքին» նաեւ փոխանցել էր, որ տոմս ձեռք բերած, սակայն չեղարկված չվերթերի ուղեւորներին հայկական փոխադրողը վերադարձրել է տոմսերի գումարները, ավելին՝ հավաստիացրել էր, որ որեւէ ուղեւոր տոմսերի գումարի վերադարձի հետ կապված չի տուժել:
Ֆոնդին հարցրել էինք, թե արդյոք պետք է սպասել «Ֆլայ Արնայի» թռիչքների վերականգնման: Եթե այո, ապա ե՞րբ է դա նախատեսվում: ԱՆԻՖ-ն ընդամենը նշել էր, որ ավիատոմսերի վաճառքի վերսկսման ուղղությամբ ներկայում (հունվարին) աշխատանքներ են ընթանում, եւ հավելել, որ առաջիկայում «Ֆլայ Արնայի» գործունեության մասին առավել մանրամասն լրացուցիչ տեղեկատվություն կտրվի: Մինչ օրս ֆոնդը պարզաբանումներ չի ներկայացրել:
Հիշեցնենք, որ EK-YRB-ն Հայաստանում գրանցվել էր 2022 թ. սեպտեմբերին, իսկ EK-YRC-ն՝ նույն տարվա դեկտեմբերին: Երկուսի գրանցումներն էլ վավեր էին 5-ական տարով՝ մինչեւ 2027 թ.: Սակայն իրադարձությունները հանգեցրին նրան, որ մեկ տարի անց EK-YRC-ն դուրս բերվեց հայկական ռեգիստրից, իսկ մեկուկես տարի անց՝ EK-YRB-ն:
Չնայած «Ֆլայ Արնան» հունվարի 16-ից թռիչքներ չի իրականացնում, նրա օդանավ շահագործողի վկայականն (ՕՇՎ) ուժի մեջ է մինչեւ 2039 թ.: Բայց քանի որ վերջին օդանավը՝ EK-YRB-ն էլ է դուրս բերվել ՀՀ ռեգիստրից, խնդիր է ծագում:
Բանն այն է, որ ՕՇՎ ունեցող ավիաընկերությունը պետք է լինի առնվազն մեկ օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) կամ գոնե ունենա օդանավի վարձակալության (ենթավարձակալության) մասին հուշագիր, այլապես նրա ՕՇՎ-ի գործողությունը կկասեցվի առավելագույնը 60 օրով, եւ այս ընթացքում փոխադրողը պետք է քայլեր ձեռնարկի՝ օրենսդրական նշված պահանջը բավարարելու համար: Չբավարարելու դեպքում նրա վկայականի ուժը կորցրած կճանաչվի: Իսկ առանց ՕՇՎ-ի ոչ մի ավիափոխադրող չի կարող կոմերցիոն թռիչքներ կատարել:
«Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ-ն որպես իրավաբական անձ, ըստ ՊԵԿ-ի տվյալների, այսօր շարունակում է մնալ գործող ընկերություն: Հունվարին ԱՆԻՖ-ը «Հետք»-ին փոխանցել էր, որ վերջին 2-3 ամիսներին ավիաընկերությունում կրճատումներ չեն եղել, ընդ որում՝ մինչ այդ ֆոնդը հայտարարել էր, որ «Ֆլայ Արնան» ապահովում է ավելի քան 125 աշխատատեղ»: