Հաքան Ֆիդանը Վաշինգտոնում կքննարկի Հայաստան-Ադրբեջան կարգավորման հարցը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը մարտի 7-8-ը պաշտոնական այցով կմեկնի Վաշինգտոն: Այս մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։ Ֆիդանի այցի ընթացքում Թուրքիա-ԱՄՆ Ռազմավարական մեխանիզմի 7-րդ հանդիպման շրջանակում կողմերը մանրամասն կքննարկեն երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ՝ համապատասխան կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ։


Այցի ընթացքում Ֆիդանը հանդիպելու է նաև ԱՄՆ Սենատի անդամների, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հետ։ Հաղորդվում է, որ երկկողմ օրակարգային հարցերից զատ՝ քննարկվելու են նաև միջազգային թեմաներ։ Մասնավորապես, հանդիպումների ընթացքում համակողմանիորեն քննարկվելու են տարածաշրջանային հարցեր, ինչպիսիք են Հունաստանի, Կիպրոսի հետ դրական հարաբերությունները, Արևելյան Միջերկրական ծովի հարցը, Ադրբեջանի և Հայաստանի, Սիրիայի, Եմենի, Իրանի և Լիբիայի միջև խաղաղության գործընթացը, ռուս-ուկրաինական պատերազմը։


Հիշեցնենք՝ Ֆիդանն Անթալիայի դիվանագիտական ֆորումի ընթացքում հայտնել էր, որ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հրավերով այս շաբաթ մեկնում է ԱՄՆ՝ մասնակցելու երկու երկրների ռազմավարական մեխանիզմի խորհրդի նիստին։ Այցով ԱՄՆ-ում է նաև Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայության (MİT) ղեկավար Իբրահիմ Քալընը։

Քաղաքականություն