Հրապարակվել է երկրների վարկանիշը` ըստ կանանց զբաղվածության մակարդակի. ՀՀ-ն առաջինն է

Աշխարհում աշխատող տղամարդկանց թիվը 1,5 անգամ գերազանցում է աշխատող կանանց թվին, և միայն ինը երկրներում գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի շատ են աշխատում: Կանանց զբաղվածության համաշխարհային առաջատարներից են Հայաստանը, Թուրքմենստանը և Բուրունդին: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Համաշխարհային բանկի բաց վիճակագրական տվյալները։


Նշվում է, որ միջազգային ֆինանսական կազմակերպությունը տեղեկությունները հրապարակել է բավականին ուշացումով: Հրապարակված վիճակագրությունն արտացոլում է զբաղվածությունը 2022 թվականի վերջի դրությամբ։


Այսպես, կանանց զբաղվածության առումով աշխարհում առաջին տեղում է Հայաստանը, այստեղ այդ ցուցանիշը կազմում է 52,76 տոկոս։ Գրեթե հետ չի մնում ևս մեկ հետխորհրդային երկիր՝ Թուրքմենստանը (52,61%)։ Երրորդ հորիզոնականում է աֆրիկյան պետությունը, որն աշխարհի ամենաքիչ զարգացած երկրների շարքում է՝ Բուրունդին (51,96%):


Կանանց զբաղվածության մասնաբաժինը գերազանցում է տղամարդկանց զբաղվածությունը ևս վեց երկրներում։ Դրանք են՝ Մոզամբիկը (51,63%), Հարավային Սուդանը (51,30%), Զիմբաբվեն (50,68%), Բելառուսը (50,15%), Բարբադոսը (50,10%) և Լիտվան (50,06%): Ռուսաստանը կանանց զբաղվածության 49% մասնաբաժնով հայտնվել է 22-րդ տեղում։


Նշվում է, որ ամենաքիչը կանայք աշխատում են Եմենում: Այնտեղ միայն յուրաքանչյուր 12-րդ աշխատողն է գեղեցիկ սեռի ներկայացուցիչ։