
ՔՊ-ական պատգամավորն անդրադարձել է Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայությանը

ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն անդրադարձել է Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայությանը․
«Երևի մոռացել եք, որ 2020 թվին եղել է 44-օրյա պատերազմ, դրանից հետո խաղաղապահ զորքեր են մտցվել Արցախի տարածք, դրանից հետո ռուսական կոնտինգենտը շարժեր է ունեցել Սյունիքում, որպեսզի անվտանգային հարցեր լուծի»,- ասել է նա՝ ի պատասխան հարցին թե ինչպես է ստացվել, որ Ներքին Հանդում ռուս սահմանապահներ են կանգնած։
«Իրավիճակով պայմանավորված՝ այո, այդպես է եղել, բայց հիմա ուսումնասիրություն է արվում, որ բոլոր իրավական խնդիրներին պատասխան տրվի՝ ով ինչ մանդատ ունի և որտեղ»,- ասել է նա։
Պատգամավորի խոսքով՝ ուսումնասիրությունները կկատարվեն ՊՆ-ի, ԱԱԾ-ի և ԱԳՆ-ի հետ համատեղ․ «Կուսումնասիրվեն բոլոր իրավական խնդիրները. ով ինչ պարտավորություն ունի, որտեղ կարող է լինել, և որտեղ է ավարտվում այդ ամենը»։
Հիշեցնենք, որ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունի։