Որդին սպանել է մորը, ոստիկանության Շենգավիթի բաժնի պետն էլ հայտարարել է՝ հանկարծամահ է եղել

Այսօր՝ փետրվարի 29-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նոր Խարբերդի 24-րդ փողոցի տներից մեկում սպանություն է տեղի ունեցել։


Ահազանգը փոխանցվում է ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ նշված հասցե են ժամանում ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մարգար Ներսիսյանը։ Արդեն տեղում, դեռ դատաբժիշկը դին չզննած, բաժնի պետն ու օպերգծով տեղակալը հայտարարում են, թե ոչ, տեղի ունեցածը սպունություն չէ, այլ՝ հանկարծամահություն, գրում է Shamshyan-ը։


Ահազանգով ժամանում են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի խումբը և քննիչները ցուցաբերում են պրոֆեսիոնալիզմ ու տեղում պարզում, որ տեղի ունեցածը ոչ թե հանկարծամահություն է, այլ սպանություն ու մինչ Շենգավիթի «մեծն» բաժնի պետը և «միջնեկ» օպերգծով տեղակալը «լոլո են կարդում» ու փորձում են դարձյալ համոզել, որ տեղի ունեցածը հանկարծամահություն է, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները ծանր մարմնական վնասվածքներ պատճառելու կասկածանքով ձերբակալում են մահացածի՝ 74-ամյա Սուսաննա Պ․-ի որդուն՝ 53-ամյա Գևորգ Ե․-ին, ում սպանություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկում ոստիկանության Շենգավիթի բաժին։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ՝ դեմքի և գլխի հատվածում հայտնաբերվել են վնասվածքի հետքեր։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Կասկածյալը ոստիկանության Շենգավիթի բաժնից ներկայացվել է Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քնննչական վարչության Շենգավիթի քննչական բաժին։


SHAMSHYAN.com-ը առաջիկայում կանդրադառնա Շենգավիթ վարչական տարածքում տեղի ունեցած բազմաթիվ հանցագործությունների, որոնք այդպես էլ տեղի ոստիկանները կամ չեն կարողանում, կամ չեն ցանկանում բացահայտել։

Քաղաքականություն