Ռուսական ռազմական ուղղաթիռ առևանգած օդաչուն Իսպանիա է մտել կեղծ փաստաթղթերով
Օդաչու Մաքսիմ Կուզմինովը, որը 2023 թվականին առեւանգել էր ռուսական ռազմական ուղղաթիռը, անցյալ տարվա հոկտեմբերին Իսպանիա էր մտել Իգոր Շեւչենկոյի անունով ուկրաինական անձնագրով։ Այս մասին հայտնել է El Periódico թերթը, որը հրապարակել է անձը հաստատող փաստաթղթի լուսանկարը:
Նրա տեղեկությունների մասին փաստաթուղթն իսկական է, թեև դրանում կեղծ տվյալներ կան, և տրվել է 2023 թվականի սեպտեմբերի 22-ին։ Անձնագրում նշվում էր, որ տղամարդը ծնվել է 1990 թվականին՝ հինգ տարի շուտ, քան իրականում։
Պարբերականի վարկածով՝ չի բացառվում, որ Կուզմինովի սպանությունը սովորական հանցագործների ձեռքի գործն է եղել և լրտեսական պատմություն չէ:
Իսպանական հատուկ ծառայությունները պաշտոնապես չեն տեղեկացվել այն մասին, որ օդաչու Մաքսիմ Կուզմինովը, ով 2023 թվականին առեւանգել էր ռուսական ռազմական ուղղաթիռը, ժամանել է Ալիկանտե նահանգ, որտեղ, ինչպես ենթադրվում է, մահացած են գտել փետրվարի 13-ին: Այս մասին հայտնել է El Pais թերթը՝ վկայակոչելով կառավարական աղբյուրները։
Նրանց վարկածով՝ Կուզմինովը չի գտնվել իսպանական իշխանությունների պաշտպանության ներքո, ի տարբերություն ուկրաինացի զինծառայողների, որոնք ուսուցում են անցնում կամ բուժվում են Թագավորությունում։ Նշվում է, որ նա ինքնուրույն որոշում է կայացրել բնակություն հաստատել այն շրջանում, որտեղ զգալի թվով ներգաղթյալներ են ապրում Ռուսաստանից և Ուկրաինայից, ինչը, ըստ պարբերականի աղբյուրների, սխալ է եղել:
Փետրվարի 19-ին իսպանական EFE լրատվական գործակալությունը, հղում անելով հետաքննությանը ծանոթ աղբյուրներին, հաստատել է Իսպանիայում Կուզմինովի մահը: Մահվան փաստը հաստատել է նաև Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։ Ընդ որում, Պիրենեյան թագավորության իշխանությունները դեռ պաշտոնապես չեն հաստատում, որ մահացածը Կուզմինովն է:
Վալենսիայում Իսպանիայի Քաղաքացիական գվարդիայի բաժանմունքի մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են, որ իրավապահ մարմինները հետաքննում են, ենթադրաբար, Ուկրաինայի 33-ամյա քաղաքացու սպանությունը այդ ինքնավար համայնքում: Դիակը հայտնաբերվել է հրազենային վնասվածքներով: Իրավապահները չեն բացառել, որ տղամարդու մոտ հայտնաբերված փաստաթղթերը կարող էին կեղծ լինել։