Դանակահարել են երկու եղբայրների, որոնցից մեկը մահացել է. մանրամասներ
ArmLur.am-ը գրել էր, որ Վարդենիսի հիվանդանոց են տեղափոխվել երկու եղբայրներ` դանակահարված, որոնցից մեկը պայմանագրային զինծառայող է։ Բժիշկներին չի հաջողվել փրկել դանակահարված պայմանագրային զինվորի եղբոր կյանքը։ Դեպքը տեղի է ունեցել Փոքր Մասրիկում։
Փոքր Մասրիկի վարչական ղեկավար Սարգիս Նշանյանն Aysor.am-ի հետ զրույցում ասել է, թե դեպքի մանրամասներին շատ չի տիրապետում։
«Միայն գիտենք, որ վիճաբանություն է եղել, եղբայրները տրամադրված չեն եղել, որ պետք է գնան ու կռիվ անեն, 40 տարեկան տղա են, դեռ մի անգամ կռիվ արած չկան, գնացել են, որ խոսեն, հասկանան, թե ինչ է եղել, չեմ տիրապետում՝ էլ ինչ է եղել, Քննչական կոմիտեն երևի հետո կհրապարակի»,- լրատվամիջոցին ասել է Նշանյանը։
Նրա խոսքով՝ երբ եղբայրները մեքենայից իջել են, միանգամից դանակահարել են նրանց, սկզբում՝ մեծ եղբորը, հետո՝ մյուսին։
Փոքր Մասրիկի վարչական ղեկավարն ասաց, որ դանակահարողը Արփունք գյուղից է։
Սարգիս Նշանյանը հայտնել է նաև, որ պայմանագրային զինծառայողին վիրահատել են, կտեղափոխեն պալատ։