Անչափահաս տղան Toyota-ով բախվել է ՆԳՆ շենքի պատին

Փետրվարի 22-ին, ժամը 02:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կորյունի փողոցի թիվ 3 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է պատին․ կա տուժած։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Կորյունի և Նալբանդյան փողոցների խաչմերուկում «Toyota» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս․ Ա․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել հարակից շինության պատին։ Shamshyan-ի հաղորդմամբ  Երևանի բնակիչ 17-ամյա Սոս Ա.-ն իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության վարչական շենքի պատին՝ կոտրելով Արամ Մանուկյանի կիսանդրու մոտ տեղադրված ճաղավանդակը:


Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ և ուղևոր Ա․ Ն․-ին (ծնված 2004 թ․) մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։




Քաղաքականություն