ԱՄՆ-ն, Հարավային Կորեան և Ճապոնիան քննարկել են Ռուսաստան արտահանման նկատմամբ վերահսկողության խստացման հարցը

Հինգշաբթի Ռուսաստան արտահանման վերահսկողության ոլորտում եռակողմ համագործակցության ամրապնդման վերաբերյալ առաջին բանակցություններն են վարել Հարավային Կորեայի, ԱՄՆ-ի և Ճապոնիայի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչները, հաղորդում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի արդյունաբերության նախարարությանը։


«Հինգշաբթի կայացած հանդիպման ընթացքում երեք կողմերը համակարգել են արտահանման վերահսկման իրենց միջոցառումները, ինչպես նաև պայմանավորվել են համատեղ աշխատել Հարավարևելյան Ասիայի երկրների հետ այս հարցում գործընկերային հարաբերություններ հաստատելու ուղղությամբ», - ասվում է հայտարարության մեջ։


Դա առաջին հերթին վերաբերում է «առանցքային և նոր տեխնոլոգիաների» արտահանմանը, նշել են նախարարությունում։


Օգոստոսյան գագաթնաժողովի ընթացքում Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդան պայմանավորվել են շարունակել ամրապնդել համագործակցությունը արտահանման վերահսկման հարցում «կանխելու մեր ռազմական կամ երկակի օգտագործման տեխնոլոգիաների օգտագործումը, որոնք պոտենցիալ կարող են սպառնալիք լինել միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»,- հիշեցնում է գործակալությունը։