ԱՄՆ-ը հայտարարել է Ռուսաստանի դեմ «պատժամիջոցների մեծ փաթեթի» մասին՝ կապված Նավալնիի մահվան հետ

Սպիտակ տունը փետրվարի 23-ին կհայտարարի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների մեծ փաթեթ՝ կապված Ալեքսեյ Նավալնիի մահվան և Ուկրաինայում պատերազմի երկու տարվա տարելիցի հետ, հայտարարել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին, փոխանցում է Reuters-ը։


«Ինչ պատմություն էլ որ Ռուսաստանի կառավարությունը որոշի պատմել աշխարհին, պարզ է, որ նախագահ Պուտինն ու նրա կառավարությունը պատասխանատու են Նավալնիի մահվան համար»,- ասել է Քիրբին։ Նա հավելել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանից պահանջում է «լիակատար թափանցիկություն»՝ կապված Նավալնիի մահվան հանգամանքների հետ։


Սահմանափակումները, նրա խոսքերով, պետք է «Ռուսաստանին պատասխանատվության ենթարկեն Նավալնիի հետ կատարվածի համար» և ուկրաինական պատերազմի ժամանակ նրա գործողությունների համար: Քիրբին հավելել է, որ նոր պատժամիջոցները կհիմնվեն ռուսական տնտեսությունը «խեղդելու» շարունակական ջանքերի վրա և կներառեն նաև Նավալնիի մահվան հետ կապված մի քանի հատուկ սահմանափակումներ, սակայն մանրամասներ չներկայացրեց։