
Լուկաշենկոն կոչ է արել պատրաստ լինել պատերազմի

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ ՌԴ-ի և Բելառուսի սահմանների մոտ տեղակայված են ՆԱՏՕ-ի շուրջ 32 հազար զինվորականներ, ավելի քան հազար միավոր զրահատեխնիկա, 235 ինքնաթիռ և ուղղաթիռ:
«Ավելի հանգիստ չէ իրավիճակը նաև եվրոպական մայրցամաքում, այդ թվում՝ մեր սահմանների մոտ։ Եվրոպայում անցկացվող դաշինքի գործողությունների շրջանակներում Բելառուսի և Ռուսաստանի անմիջական հարևանությամբ տեղակայված են ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի միացյալ զինված ուժերի զորակազմերի շուրջ 32 հազար զինծառայողներ: Դա ավելի քան 1 հազար միավոր զրահատեխնիկա է, շուրջ 160 հրետանային համակարգ եւ ականանետ, 235 ինքնաթիռ եւ ուղղաթիռ», - ասել է նա։
Նրա խոսքով՝ Հանրապետությունը փաստացի գտնվում է ձգձգված խոշորագույն ռազմաքաղաքական ճգնաժամի էպիկենտրոնում՝ վախեցնելու հին մեթոդների կիրառմամբ։ Ընդ որում, հավաքական Արեւմուտքի ախորժակներն ու ակտիվությունը միայն կմեծանան, ԱՄՆ-ն կշարունակի ընդլայնել ՆԱՏՕ-ն՝ դրանում ներքաշելով Բոսնիա եւ Հերցեգովինային, Մոլդովային, Վրաստանին եւ Սերբիային, վստահ է Լուկաշենկոն։
«Ուղիղ ասեմ՝ առանց ավելորդ դիվանագիտության. գրեթե բոլոր եվրոպական առաջնորդները վերածվել են ԱՄՆ հպատակների։ Կասկած չկա, թե ում քաղաքականությունն ու ում շահերն են գերիշխում Եվրամիության տարածքում», - հավելել է նա։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նաև կոչ է արել պատրաստ լինել պատերազմ:
«Բելառուսին պատերազմ պետք չէ, բայց դրան պետք է պատրաստ լինել և մտավոր, և ռազմավարական առումով»,- ասել է նա:
Լուկաշենկոն հավելել է, որ գլոբալ հակամարտությունը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու հնարավորության մասին պատրանքները պետք է հետ շպրտվեն, քանի որ հավաքական Արևմուտքի դիրքորոշումն այսպիսին է. «նրանց, ովքեր իրենց հետ չեն, ուժով կվերցնեն»: Իսկ միջազգային կազմակերպությունների հեղինակությունը վերջնականապես վարկաբեկված է, հավելել է նա։