Ուկրաինայում առաջարկել են զինվորներին զենքի փոխարեն բահ տալ

Ուկրաինայի Զինված ուժերի շարքեր կարելի է կանչել դատվածություն ունեցող եւս 50 հազար քաղաքացիների։ Այս մասին «Рада» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի արդարադատության նախարար Դենիս Մալյուսկան, փոխանցում է Ռիա նովոստին։ 


Արդարադատության նախարարի խոսքով՝ այժմ մոբիլիզացիայից թաքնվում է մարված դատվածություն ունեցող մոտ 50 հազար տղամարդ։ Պոտենցիալ զինվորներից ոչ բոլորն են ծանր հանցագործություններ կատարել, ուստի դժվար թե վտանգ ներկայացնեն ծառայակիցների համար։


«Պետք է հասկանալ, որ բանակում այժմ անհրաժեշտ է ոչ միայն զենքը ձեռքին պաշտպանել հայրենիքը։ Շատ անելիքներ կան, այդ թվում՝ ենթակառուցվածքներ կառուցելը։ Մենք չենք ուզում, կամ չենք կարող, կամ ռիսկային է ավտոմատ տալը, եկեք բահ տանք», - առաջարկեց Մալյուսկան։


Ըստ ուկրաինացի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոյի, Գերագույն Ռադան մոբիլիզացիայի մասին օրինագիծը կքննարկի մարտի սկզբին: Առաջին ընթերցմամբ aյն ընդունվել է փետրվարի 7-ին, ձայների մեծ մասը պատկանում է իշխող «Ժողովրդի ծառա» կուսակցությանը։


Ինչպես նշել է Գերագույն Ռադայի ֆինանսների, հարկային և մաքսային քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Դանիիլ Գետմանցևը, 400-500 հազար զինծառայողների մոբիլիզացիայի համար Ուկրաինայի իշխանություններին կպահանջվի 720 միլիարդ գրիվնա (մոտ 19 միլիարդ դոլար):


«Դա հսկայական գումար է։ Եվ որտեղ դրանք ձեռք բերել, մեծ հարց է: Չեմ բացառում, որ բյուջեի եկամտային մասի վերանայման առաջարկներ կլինեն», - հայտարարեց պատգամավորը և ենթադրեց, որ դրա համար հարկ կլինի բարձրացնել հարկերը։

Քաղաքականություն

Պատահարներ