
Շատ հավանական է, որ 2024-ին մեծ հաջողություն կտեսնենք նոր ռազմական ներուժի առումով․ Ֆրանսիայի ՊՆ

Ֆրանսիան առաջիկա շաբաթներին մտադիր է Ուկրաինային մատակարարել նորագույն կամիկաձե ԱԹՍ-ներ, որոնք այժմ մշակվում են Փարիզի կողմից: Այս մասին հայտնել է պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն Journal du Dimanche պարբերականին տված հարցազրույցում: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Շատ հավանական է, որ 2024 թվականին մենք մեծ հաջողություն կտեսնենք նոր ռազմական ներուժի առումով։ Նման օրինակներից մեկը վերաբերում է նոր սերնդի կամիկաձե անօդաչու թռչող սարքերի մշակմանը: Այս նախագիծն այժմ փորձարկման փուլում է։ Ուկրաինան կլինի առաջիններից մեկը, ով կստանա այդ դրոնները առաջիկա շաբաթներին», - ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ դա թույլ կտա նաև փորձարկել մշակումը ռազմի դաշտում։
Նա պնդում է, որ «Ֆրանսիան Ռուսաստանի հետ պատերազմի մեջ չէ, Իսկ Ուկրաինային օգնելը հակամարտության մեղսակցություն չէ»:
Լեկորնյուն նաև հայտնել է, որ Ֆրանսիան աշխատում է Caesar հաուբիցների կառավարման մեջ արհեստական ինտելեկտի ներդրման ուղղությամբ, ինչը թույլ կտա բարելավել թիրախների պարտությունը:
Նախարարը նշել է, որ մարտին Ֆրանսիայի արեւմուտքի Դորդոն դեպարտամենտում կսկսվի Eurenco ընկերության վառոդի արտադրության գործարանի շինարարությունը, ինչը թույլ կտա Ceasar հաուբիցներում օգտագործվող 155 տրամաչափի արկերի արտադրությունը հասցնել տարեկան 150 հազարի: Նա հիշեցրել է, որ փետրվարից Ֆրանսիան Ուկրաինային ամսական 3 հազար նման արկեր է մատակարարում։
Ֆրանսիան նաեւ մտադիր է ավելացնել փոքր տրամաչափի արկերի արտադրությունը, որոնք այժմ գնում է արտասահմանում, հայտնել Է նախարարը:
Նրա խոսքով՝ 2024 թվականին ֆրանսիական բանակը կստանա 253 Griffon զրահամեքենա, 45 Jaguar մարտական հետախուզական մեքենա, 97 Serval մեքենա, 13-ական Rafale կործանիչ եւ նորացված Mirage 2000, ինչպես նաեւ երկու Airbus A400M ռազմատրանսպորտային ինքնաթիռ, նոր մարտական ատոմային սուզանավ եւ պարեկային նավ: