
Հրապարակվել է Վահան Քերոբյանի խափանման միջոցի հարցով որոշումը

ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց տնային կալանքը՝ 2 ամիս ժամկետով։ Որոշումը քիչ առաջ հրապարակվեց Հակակոռուպցիոն դատարանում (դատավոր՝ Սարգիս Դադոյան)։
Դատարանի որոշմամբ Վահան Քերոբյանը 2 ամսվա ընթացքում չի կարող իր բնակարանում հյուրընկալել ու շփում ունենալ այլ անձանց հետ, չի կարող խոսել հեռախոսով, բացառությամբ` շտապ բժշկական օգնություն, իրավապահներ, արտակարգ իրավիճակներում` փրկարար ծառայության աշխատակիցներ կանչելը։
Նրան արգելվում է նաև ունենալ նամակագրություն կամ օգտվել հաղորդակցության այլ ձևերից։
Տնային կալանքի սկիզբը փետրվարի 15-ն է։
Որոշումը կարող է բողոքարկել ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան դատական ակտը ստանալուց հետո 10-օրյա ժամկետում։
Փետրվարի 15-ին Վահան Քերոբյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան:
Փետրվարի 14-ին Վահան Քերոբյանը հայտնեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատման մասին: Փետրվարի 15-ին հայտնի դարձավ, որ Վահան Քերոբյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու հոդվածով՝«Սիներջի» ընկերության հետ կապված գործով։ Քերոբյանը մեղադրանքը չի ընդունում:
Փետրվարի 15-ին ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում կատարված առերևույթ չարաշահումների վերաբերյալ քրեական վարույթով քրեական հետապնդում է հարուցվել 8 անձի նկատմամբ, որից 5-ը Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձինք են:
Ավելի վաղ Էկոնոմիկայի նախարարությունում առերևույթ կոռուպցիոն չարաշահումների գործով ձերբակալվել էին Էկոնոմիկայի նախարարի՝ պաշտոնից ազատված տեղակալ Անի Իսպիրյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը՝ Անի Գևորգյանը, որն աշխատել է «Սիներջի» ընկերությունում, «Սիներջի» ընկերության հիմնադիր և ղեկավար Աշոտ Հովանեսյանը, ընկերության աշխատակից Լիլի Մկրյանը։ Ավելի ուշ Անի Իսպիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը, մյուս երեքը կալանավորվել էին: ԱԺ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները միջնորդություն էին ներկայացրել Դատախազություն՝ փոխելու Աշոտ Հովանեսյանի, Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի խափանման միջոցները:
Դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալներ՝ «Սիներջի» ընկերության աշխատակիցներ Անի Գևորգյանի և Լիլի Մկրյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը: