Բաքուն իր հայտարարությամբ ընդունեց՝ սահմանի սադրանքի հեղինակներն իրենք են

Ադրբեջանի Սահմանապահ ծառայությունը հայտարարություն է տարածել, որով հաստատում է՝ ուշ գիշերվանից Ներքին Հանդի ուղղությամբ տեղի ունեցած սադրանքի հեղինակներն իրենք են։ 


Բաքուն հաղորդում է, թե փետրվարի 13-ին Ադրբեջանի պետական սահմանային ծառայության ստորաբաժանումները, «ի պատասխան հայկական զինված ուժերի երեկվա սադրանքի», իրականացրել են «Հատուցում» գործողություն։


Հիշեցնենք՝ երեկ ադրբեջանական կողմը հաղորդել էր, իբր Զանգելանի շրջանի դիրքերի ուղղությամբ Հայաստանի Զինված ուժերի կրակ բացելու մասին՝ պնդելով, թե կրակի հետևանքով ադրբեջանցի սահմանապահ է վիրավորվել:


Հայաստանի պաշտպանության նախարարության Ռազմական ոստիկանություն էլ հայտարարեց, որ հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին տեղեկատվությունը հետաքննվում է։


Այսօր վաղ առավոտյան Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց, որ փետրվարի 13-ին՝ ժամը 05:30-ից սկսած, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, հայկական կողմն ունի երկու զոհ և վիրավորներ։


ՊՆ-ն ևս մեկ հայտարարություն էր տարածել․ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե փետրվարի 12-ին` ժամը 20։50-23:40 ընկած ժամանակահատվածում, Հայաստանի Հանրապետության ԶՈՒ ստորաբաժանումներն իբր կրակ են բացել սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։