Շանտաժի նոր ձևերը. կանանց թիրախավորում են Telegram-ի ու TikTok-ի միջոցով. «Հետք»
Իրեն «Արդար դատավոր» հռչակած Telegram ալիքը կանանց նկատմամբ շանտաժը դարձրել է զվարճանքի և ժամանցի ձև։ Այս ալիքի հետևում կանգնածները վարում են նաև «Նամուս, թե թասիբ» TikTok էջը։ Այս մասին հայտնում է «Հետքը»:
«Վաղը սրանից 18+ փորի վրա վիդյո եմ տեղադրելու», «Սրանից լիքը նյութ կա հատ առ հատ բոլորը տեղադրվելույա»` նման բառապաշարով գրառումները տարածվում են սոցիալական ցանցերից կանանց գողացված նկարների և տեսանյութերի հետ։
Համացանցի արագ զարգացման հետ միասին շանտաժի նման ձևն այնքան է տարածվել ամբողջ աշխարհում, որ նույնսիկ հատուկ տերմին կա ՝ revenge porn (բառացիորեն՝ վրեժի պոռնո)։ Այն օգտագործվում է՝ բնութագրելու լուսանկարների կամ տեսանյութերի գողությունն ու դրանց տարածումը առանց անձի համաձայնության: Որոշ երկրներում օրենսդրական փոփոխությունների արդյունքում revenge porn-ը սկսել է համարվել հանցագործության առանձին տեսակ։
Այս գլոբալ թրենդը վերջին տարիներին տարածվում է նաև Հայաստանում։ Բացի նշված էջերից, ակտիվ են նաև դրանց նման այլ էջեր։
Ցանկացած կին կարող է դառնալ թիրախ
Գայանե Ավդալյանը «Հետքին» պատմել է, որ վերջերս իրեն փորձել են շանտաժի ենթարկել և գումար կորզել։
Մի օր Telegram-ի միջոցով Գայանեի հետ կապ է հաստատել անհայտ անձ և ուղարկել է ֆոտոշոփով խմբագրված պոռնոգրաֆիկ նկարներ։ Այդ նկարները Գայանեի ինստագրամում հրապարակված հասարակ նկարներ էին, որոնք այնպես էին խմբագրված, որ թվա, թե դրանցում իրականում Գայանեն է։ Լուսանկարները չհրապարակելու համար գումար է պահանջվել։
«Ես որևէ բան չպատասխանեցի, ուղղակի միանգամից իրեն արգելափակեցի ու դրա մասին բարձրաձայնեցի իմ Facebook-ում։ Պարզվեց՝ սա մեկ դեպք չէ, այլ մեծ խնդիր է»,- պատմել է Գայանեն։
Նա պատմել է, որ դեպքը հանրայնացնելուց հետո իրեն հարյուրավոր անծանոթ կանայք են գրել և պատմել, որ իրենց նույնպես շանտաժի են ենթարկել։
Մի կին պատմել է, որ երբ անանուն հաշվից իրեն ուղարկել են ֆոտոշոփով խմբագրված իր նկարները և սպառնացել դրանք ուղարկել եղբորը, վախեցել է և պահանջները կատարել է։ Սակայն մեկ անգամ գումարը փոխանցելով՝ շանտաժը չի ավարտվել, տարվա ընթացքում երեք անգամ իրենից գումար են պահանջել, որը ստիպված վճարել է։
Բացի ֆոտոշոփով նկարներ փոխելուց, կոտրում են նաև կանանց սոցիալական էջերը և հրապարակում անձնական տվյալները։
Սոցիալական ցանցերի հաշիվները կոտրելու ամենատարածված մեթոդներից մեկը ֆիշինգն է (ֆիշինգի մասին ավելի մանրամասն՝ այստեղ)։
Շանտաժիստներն իրենց զոհերի սոցիալական հաշվին, օրինակ՝ ինստագրամին, կեղծ էջերից ուղարկում են նամակ այն մասին, որ անձի նկարը հայտնվել է որևէ էջում, օրինակ՝ «best Armenians», որտեղ տեղադրվում են ամենահմայիչ հայուհիների նկարները, և նկարը տեսնելու համար անձը պետք է անցնի հղումով։
Հղումով անցնելուց հետո զոհը տեսնում է Instagram մուտք գործելու էջի կրկնօրինակը (ֆիշինգը հենց սա է) և երբ գրում է իր մուտքանունն ու գաղտնաբառը, այն պահպանվում է ֆիշինգ էջը ստեղծողի մոտ։ Սրանից հետո փոխում են գաղտնաբառը, և մարդը կորցնում է իր հաշվի հասանելիությունը։
Դեպքեր կան, երբ կանանց հետ այս խմբի անդամները կամ համակիրները ի սկզբանե շփում են սկսում` նրանց հետագայում շանտաժի ենթարկելու նպատակով։ Զրուցում են առցանց, հանդիպում են, այնուհետև սպառնում, որ կհրապարակեն անձնական տվյալները, նկարները ու նամակագրությունը, որ ծնողներին ու շրջապատին կպատմեն կնոջ «անբարոյականության» մասին և պահանջում են սեռական հարաբերություններ, գումար կամ` երկուսը միասին։
Այս էջերը նաև գումար են աշխատում։ Այսպես, նշված Telegram ալիքներից մեկը պնդում է, որ 30,000 դրամով կարող է կոտրել Ինստագրամի ցանկացած հաշիվ։
Մանրմասները սկզբնաղբյուրում: