Ամենահայտնի քրեական գործերով տեսանյութի շուրջ աղմուկի մասին. ԲԴԽ պաշտոնական պարզաբանում
ՀՀ դատական դեպարտամենտը տարածել էր տեսանյութ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի քրեական գործերի վաղեմության ժամկետների ավարտման պատճառների և այլնի մասին:
Տեսանյութի հրապարակումից հետո որոշակի քաղաքական շրջանակների հետ կապված մի քանի փաստաբաններ, լրագրողներ և իրավապաշտպաններ, ինչպես նաև մի քանի չեզոք անձինք խստորեն քննադատեցին այն: Հարձակման հիմնական թեզերին անդրադառնանք առանձին:
Թեզ 1. «ԲԴԽ-ն իրավունք չունի նման ֆիլմեր նկարահանել, այն էլ՝ դատավորների մասին»։
ԲԴԽ-ն չի էլ պատրաստել այս տեսանյութը, դա արել է ՀՀ դատական դեպարտամենտը, որն ունի Դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչություն, ինչպես նաև Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայություն: Առաջինը հավաքագրել, վերլուծել և տրամադրել է բոլոր տվյալները, իսկ երկրորդը` այդ ամենն ամփոփել ու մատուցել է տեսանյութի ձևաչափով:
Թեզ 2. «Դատական դեպարտամենտն իրավունք չունի քննադատել որևէ դատավորի աշխատանք»:
Օրենքը լիազորում է Դատական դեպարտամենտին ուսումնասիրել դատական պրակտիկան և հանրայնացնել արդյունքները: Ըստ օրենքի՝ այդ հրապարակումներով կարգապահական վարույթ հարուցող Արդարադատության նախարարությունը և ԴԸԺ էթիկայի հանձնաժողովը նույնիսկ կարող են կարգապահական վարույթ բերել ԲԴԽ:
Թեզ 3. «Պետական (դատական) մարմինը չպետք է քննադատի մի դատավորին և գովաբանի մեկ այլ դատավորի»։
Հրապարակվել են բացառապես օբյեկտիվ և ճշգրիտ տվյալներ: Դատական դեպարտամենտի մեղքը չէ, որ մի դատավորի արդյունքներն ավելի դրական են եղել, քան մյուսինը: Ավելին` հանրությունն իրավունք ունի ստանալ չգաղտնիացված բոլոր այն տվյալները, որոնք չափազանց կարևոր են դատական իշխանության հեղինակության համար: Անթույլատրելի է լղոզել ճշմարտությունը, թացը չորի հետ խառնել, մեկ կամ երկու դատավորի թերացումների համար պախարակել ողջ դատական իշխանությանը: Առավել ևս՝ անընդունելի է տարբեր պետական մարմինների անբավարար ջանասիրության պարագայում բոլոր ձախողումների մեղքը բարդել միայն դատական համակարգի վրա: Դատական իշխանությունն այս տեսանյութով ապացուցում է, որ ունի բավարար ազնվություն և ինքնահայեցողություն, որպեսզի գտնի ու բացահայտի սեփական թերացումները: Նույնը մաղթում ենք բոլորին:
Թեզ 4. «Տեսանյութի առանձին դրվագներ ապացուցում են, որ եղել է դատական գործերին միջամտություն»:
Տեսանյութում մաթեմատիկական ճշտությամբ ներկայացված է, թե ինչպես է ԲԴԽ կազմի փոփոխությունը համընկել որոշ գործերի արագացման հետ: Դրա պատճառների մասին խոսք չի եղել: Ավելորդ շահարկումներից խուսափելու համար, կարող ենք միայն ենթադրել, որ արագացումը տեղի է ունեցել դատական համակարգի ընդհանուր կառավարման արդյունավետության բարձրացման կամ ԲԴԽ որոշումներով առանձին դատավորների պատասխանատվության ենթարկելու հետևանքով (օրինակ` գործերի ուշացման համար դատավոր Աննա Փիլոսյանի լիազորությունների դադարեցումը):
Թեզ 5. «Տեսանյութը ճնշում է դատավորներին»:
Այնքան կեղծ ու անհիմն է այս պնդումը, որ դրա շրջանառողները չեն էլ կարողացել բացատրել, թե այդ ինչպես է ճշմարտությունը ճնշում դատավորին: Ճնշվող դատավորի վրա ավելի շատ կարող են ազդել տարբեր քաղաքական շրջանակները կամ դրանց կողմից պարբերաբար իրականացվող լրատվական արշավները, քան բաց տվյալների օբյեկտիվ և լիովին օրինական մատուցումը: Անկախ որոշ հարձակումներից՝ Դատական դեպարտամենտը չի պարտակելու ոչ մի կարևոր տեղեկատվություն և նորացված մեթոդներով իրականացնելու է անհրաժեշտ հանրային իրազեկումները: Վստահ ենք, որ Բարձրագույն դատական խորհուրդն էլ կշարունակի երաշխավորել Դատական դեպարտամենտի և բոլոր դատավորների բնականոն աշխատանքն ու անկախությունը:
Նմանատիպ հոդվածներ
Արդյոք շարունակո՞ւմ է Իրանը սպառնալիք տեսնել Սյունիքի նկատմամբ. հարց` ՀՀ-ում Իրանի դեսպանին
Իրանն ու Հայաստանը բոլոր ոլորտներում կարող են իրենց հարաբերությունները զարգացնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել...
Ալեն Սիմոնյանի հարսի և նույն գործով կալանավորված Լիլի Մկրյանի խափանման միջոցը փոխվել է
Դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող...
Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի. Նիկոլ Փաշինյան
Այն հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահը արեց 2024 թվականի հունվարի սկզբին ադրբեջանական հեռուստեսություններին տված...
Վահան Քերոբյանը հրաժարական է տվել
Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոն...