Արդյոք շարունակո՞ւմ է Իրանը սպառնալիք տեսնել Սյունիքի նկատմամբ. հարց` ՀՀ-ում Իրանի դեսպանին

Իրանն ու Հայաստանը բոլոր ոլորտներում կարող են իրենց հարաբերությունները զարգացնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մեհդի Սոբհանին:


Լրատվամիջոցի հարցազրույցը ստորև`


«Պարոն դեսպան, ձեր կարծիքով ո՞ր ոլորտներն են, որոնցում Հայաստանն ու Իրանը կարող են էլ ավելի խորացնել համագործակցությունը:


Իրանն ու Հայաստանը բոլոր ոլորտներում կարող են իրենց հարաբերությունները զարգացնել: Բացի երկկողմ քաղաքական հարաբերություններից միջազգային ատյաններում եւս երկկողմ համագործակցություն ունենք, աջակցում ենք միմյանց: Անցած տարվա ընթացքում նաև ավելացել են երկու երկրների բարձրաստիճան քաղաքական ղեկավարության փոխայցերը: Այս այցերը հատուկ դինամիկա են փոխանցել հարաբերություններին եւ մենք կարող ենք նաեւ բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունները զարգացնել: Թավրիզում գլխավոր հյուպատոսություն եւ այդ հյուպատոսության հիմնումը եւս իր նպաստը կարող է բերել տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցությունը զարգացնելուն: Ցանկացած հանդիպման շրջանակում, եթե հանդիպել են մեր բարձրաստիճան ղեկավարները, երկուստեք աջակցել են քաղաքական դիրքորոշումները:


Անցած տարի մեզ հաջողվեց երկարաձգել գազ էլեկտրաէներգիայի դիմաց պայմանագիրը եւ դա եւս դեպի ապագա նայող քայլ էր: Մենք առեւտրի ոլորտում նույնպես ունենք հարաբերություններ, անցյալ տարի տնտեսական ոլորտում ևս շատ կարեւոր պայմանագրեր ենք կնքել եւ ես լիահույս եմ, որ այս տարի եւս մեր համագործակցության երկկողմ շրջանակում կարձանագրենք մեծ թվով հաջողություններ:


Առաջիկայում նաեւ կայանալու է երկու երկրների միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը, դա եւս խթան կհանդիանա երկու երկրների հարաբերությունները զարգացնելու համար: Շատ մեծ ցանկ ունենք երկկողմ համագործակցությունը զարգացնելու առումով:


Իրանի եւ ԵԱՏՄ երկրների միջեւ ազատ առեւտրի համաձայնագիրը ստորագրվեց նախորդ տարի, սա որքանո՞վ կընդլայնի Հայաստանի եւ Իրանի միջեւ համագործակցությունը:


Մեծ ազդեցություն ունի, որովհետեւ Հայաստանը հարթակ է 200 միլիոնանոց եվրասիական տնտեսական շուկա Իրանի դուրս գալու համար: Իհարկե, մենք Հայաստանը չենք դիտարկում որպես 3 միլիոնանոց շուկա, այլ Հայաստանը դիտարկում ենք որպես մի հարթակ, որը կօգնի մեզ եվրասիական տնետեսական շուկա դուրս գալ:


Պարոն դեսպան, չնայած այն բանից հետո, որ Իրանն ու Ադրբեջանը համաձայնության եկան Իրանի տարածքով Ադրբեջանը Նախիջեւանին կապող ճանապարհի վերաբերյալ, դրանից հետո ադրբեջանական կողմը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել՝ պահանջելով «Զանգեզուրի միջանցք»: Այս հարցում մենք գիտենք Իրանի դիրքորոշումը, որը պաշտպանում է ՀՀ տարածքային ամբողջականությունը: Արդյոք շարունակո՞ւմ է Իրանը սպառնալիք տեսնել Սյունիքի նկատմամբ:


Այն հնարավորությունները, որ մենք ընձեռնել ենք, նրա համար է, որ բոլոր երկրների համար այդ հնարավորությունները լինեն բիզնեսը, առեւտուրը զարգացնելու համար, կարողանան այդ հնարավորություններից օգտվել: Այդ կապերը պետք է լինեն՝ հարգելով երկրների տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ հարգանք ճանաչված սահմանների նկատմամբ եւ միջազգային նորմերի խախտումն անընդունելի է»:


Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում: 

Քաղաքականություն