Սցիալական աջակցություն կտրամադրվի պայթյունից տուժածներին

Երևանի Նոր Արեշ թաղամասում տեղի ունեցած պայթյունից տուժածների կարիքների գնահատման արդյունքները պարզ կլինեն վաղը` փետրվարի 6-ին։  Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին հայտնել է Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանը` հավելելով, որ այս պահին քաղաքապետարանի աշխատակիցները Էրեբունի վարչական շրջանի ներկայացուցիչների հետ դեպքի վայրում գույքագրում են քաղաքացիների կրած նյութական վնասներն ու կարիքները։


«Վաղը մինչև 11։00-ը մենք կունենանք ամբողջական պատկերացում կարիքների մասին և կկարողանանք հասկանալ, թե ինչ աջակցություն կարող ենք տրամադրել տուժած ընտանիքներին»,– ասել է Մադաթյանը։


Թե ինչ սոցիալական աջակցություն կտրամադրվի տուժածներին, Մադաթյանը վաղաժամ համարեց խոսել` առաջարկելով սպասել կարիքների գնահատման գործընթացի ավարտին։


Փոխքաղաքապետը նաև հայտնել է, որ պայթյունից տուժած քաղաքացիներին բուժօգնությունն ու առողջապահական ծառայությունները մատուցվում են պետպատվերի շրջանակում։


Հիշեցնենք` այսօր` ժամը 11։30-ի սահմաններում, պայթյուն է որոտացել Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նոր Արեշի 34–րդ փողոցում, պայթյունի հետևանքով ամբողջությամբ փլուզվել են Նոր Արեշի 34-րդ փողոցի թիվ 43 և թիվ 27ա տները, ևս մի քանի տան կառուցատարրեր վնասվել են․ կա 2 զոհ և 2 տուժած։


Քաղաքականություն