
Ստեփանավանի ոլորաններում 40-ից ավելի բեռնատարներ չեն կարողանում տեղաշարժվել. պարզաբանում

Այսօր՝ փետրվարի 1-ին, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում: Ինչպես տեղից հայտնում է shamshyan.com-ը, պատճառը որոշ ճանշինների թերի աշխատանքն է:
Եթե Արագածոտնի մարզից դեպի Լոռու մարզ ամբողջ ճանապարհահատվածը մաքրած է և երթևեկությունը անվտանգ է, տեղի ճանշինները հսկայական աշխատանք են կատարել՝ ճանապարհները ձյան շերտից մաքրելով, մերկասառույց հատվածներում աղ ու ավազ լցնելով, ինչի շնորհիվ երթևեկությունը կարգավորված է, ապա Ստեփանավանի թունելի սկզբնաամասից դեպի Տաշիր մերկասառույց ճանապարհը դարձել է պատուհաս,- գրում է լրատվականը
Երեկվանից նշված հատվածում շարունակում են ծառայություն կատարել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու գումարտակի պարեկները: Այս պահին մոտ 40-ից ավելի բեռնատարների կուտակում կա:
Պարեկները ամեն 20 րոպեն մեկ թույլատրում են, որպեսզի 15 բեռնատար անցնի և փոքր մարդատար ավտոմեքենաներ, ապա՝ հետադարձ, այդ ծառայության շնորհիվ է, որ խցանումը կարճ ժամանակում բացվեց, իսկ տեղում փրկարարներն ու պարեկները 30-ից ավելի ավտոմեքենա են դուրս բերել ձնակույտի միջից:
Ճանապարհային դեպարտամենտից Auroranews-ին հայտնեցին, որ ճանապարհի մաքրման աշխատանք է տարվել‚ կցորդով տրանսպորտային միջոցներն արդեն բաց են թողնվում։
Տվյալ հատվածի սպասարկողը պարբերաբար թերացել է աշխատանքներում‚ սպասարկողի հետ պայմանագրի խզման գործընթաց է սկսվում‚ ամողջ հունվար ամսվա համար էլ տվյալ սպասարկողին վճարում չի իրականացվել։