ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Երեխաները պարապ են մնացել»․ ծնողները ի աջակցություն ուսուցիչների՝ եկել են ԿԳՄՍՆ-ի մոտ
Ծնողները ի աջակցություն ուսուցիչների՝ այսօր՝ հունվարի 30-ին, եկել են ԿԳՄՍ նախարարության շենքի մոտ։ Լրագրողների հետ զրույցում Վայոց Ձորի Եղեգիս համայնքի Հորբադեղ գյուղի աշակերտներից մեկի ծնողը ասել է, որ դպրոցի ուսուցիչներին ազատում են աշխատանքից, սակայն նրանց փոխարինողներ դեռևս չկան։
«Մեր դպրոցից 4 ուսուցիչ ներկա կարգավիճակում է, դասվարներն են այդ անցողիկ փուլը չհաղթահարածները։ Ծանոթացել եմ թեստերին, գիտեմ, թե ինչքան խճճված ու ժամանակային խիստ սահմանափակմամբ են եղել թեստերը։ Երեխաները պարապ են մնացել, ես չեմ կարողանում իրենց բացատրել, չկան իրենց փոխարինողներ։ Առաջարկում են հեռակա կարգով լինի, շատ դեպքերում լույս չի լինում, կապ չի լինում։ Մտնում ես դասարան, տեսնում ես երեխադ ինչով է զբաղվում, հուզվում ես, քո երեխան բացել է Կերպարվեստի գրքերը ու սպասում է իր ուսուցչին»,- ասել է ծնողներից մեկը։
Հիշեցնենք, որ միջին մասնագիտական կրթություն ունեցող և պարտադիր ատեստավորման շեմը չհաղթահարած ուսուցիչները, որոնք 2023թ․-ի դեկտեմբերից ազատվել են աշխատանքից, արդեն 1 ամիս է՝ բողոքում են, որ ատեստավորման ժամանակ 50 տոկոսի շեմը հաղթահարած, բայց 60 տոկոսի շեմին չհասած բարձրագույն կրթություն ունեցող ուսուցիչներին երրորդ անգամ հնարավորություն է տրվել ատեստավորում անցնել, իսկ իրենց այդ հնարավորությունը չի տրվել: Ուսուցիչները մի քանի անգամ հանդիպել են ԿԳՄՍՆ հանրակրթության վարչության պետ Թամարա Սարգսյանի հետ, բաց նամակով դիմել են վարչապետին, սակայն խնդիրն այդպես էլ լուծում չի ստացել: