Ադրբեջանը կփորձի կանգնեցնել անգամ Երևանում տեղի ունեցող ինչ–որ շինարարություն. Ջհանյան
Ադրբեջանը բնապահպանական պատրվակով կփորձի կանգնեցնել անգամ Երևանում տեղի ունեցող ինչ–որ շինարարություն, քանի որ հասկանում է` Հայաստանի տնտեսական աճն ավելի բարձր է, քան իրենցը։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության նախագահ, ԶՊՄԿ-ի տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը։
«Եթե անգամ Երևանում շինարարություն լինի, ադրբեջանցիները կարող են ասել, որ դա աղտոտում է գետերը, որոնք հոսում են ու Արաքսով հասնում Ադրբեջան։ Նրանք հասկանում են, որ ռազմական առումով էլ ինչ–որ բալանս կարող է ձևավորվել, և նրանք վարում են հիբրիդային պատերազմ Հայաստանի դեմ»,– ասաց նա։
Ջհանյանիխոսքով՝ նման պատերազմ Ադրբեջանը Հայաստանի դեմ չէր վարում մինչև 2021 թվականի վերջը, իսկ հիմա Հայաստանը անգամ մեկ շնչին հասնող ՀՆԱ–ով է գերազանցում Ադրբեջանին։ Սա, ըստ նրա, լուրջ մտավախության առիթ է։
«Նրանք սկսեցին հանքարդյունաբերությունից ոչ միայն Հայաստանում, այլ նաև Արցախում, վառ օրինակ է Կաշենի հանքի հնարովի խնդիրը։ Այդպես նրանք լուծեցին Արցախի հարցը։ Հիմա անցել են Հայաստանում գործող ձեռնարկություններին, և դա առաջին հերթին հանքարդյունաբերող ձեռնարկություններն են»,– ասաց նա։
Հիշեցնենք` 2023թ․ հուլիսին ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ Բաքուն Երևանից պահանջել է դադարեցնել Ադրբեջանի հետ սահմանին կառուցվող խոշոր մետալուրգիական գործարանի շինարարությունը, քանի որ Երևանը պարտավոր էր Բաքվին տեղեկացնել շրջակա միջավայրի վրա նշված գործունեության ազդեցության մասին: