ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանի մի հատվածում առճակատում է սկսվել
Մեքսիկայի հետ ԱՄՆ սահմանի մի հատվածում (Տեխաս նահանգ) դաշնային և նահանգային անվտանգության ուժերի միջև իրական առճակատում է ծավալվել, որի պատճառը միգրացիոն ճգնաժամն է։ Միայն դեկտեմբերին սահմանը հատել է ռեկորդային՝ ավելի քան 225 հազար անօրինական ներգաղթյալ։
Ապօրինի ներգաղթյալների զգալի ներհոսքի պատճառով Տեխասի իշխանությունները փշալարեր են տեղադրել սահմանին, սակայն ԱՄՆ Գերագույն դատարանն այս շաբաթ վճիռ է կայացրել հօգուտ դաշնային իշխանությունների՝ թույլ տալով սահմանապահ ծառայության աշխատակիցներին հեռացնել այդ փշալարերը: Այս որոշումից հետո Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթի և դաշնային կառավարության միջև հակասությունները կտրուկ սրվել են: Տեխասի իշխանությունները հրաժարվել են ենթարկվել վճռին: Նահանգի ազգային գվարդիականները վերահսկողության տակ են վերցրել Իգլ Փաս քաղաքի սահմանային շրջաններից մեկը, տեղադրել են 48 կմ փշալար և թույլ չեն տալիս դաշնային սահմանապահներին հեռացնել փշալարերը։
Նախագահ Ջո Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ Տեխասի իշխանությունները միջամտում են ներգաղթի և սահմանների պահպանման հարցերին, որոնք գտնվում են դաշնային իրավասության ներքո:
Ապօրինի ներգաղթի վերաբերյալ խիստ քաղաքականությամբ հայտնի ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել «բոլոր պատրաստակամ նահանգներին» Ազգային գվարդիայի անդամներին ուղարկել Տեխաս, նշում է Hill թերթը:
«Ի դեմս ազգային անվտանգության, հանրային անվտանգության և հանրային առողջության այս աղետի, Տեխասն իրավացիորեն է կիրառել Սահմանադրության ներխուժման մասին դրույթը և պետք է լիակատար աջակցություն ստանա ներխուժումը ետ մղելու համար… Մենք կոչ ենք անում բոլոր պատրաստակամ նահանգներին անվտանգության ուժեր ուղարկել Տեխաս՝ կանխելու ապօրինի ներգաղթյալների մուտքը և նրանց հետ սահմանից հեռացնելու համար»,- ասել է Թրամփը:
«Երբ ես նախագահ լինեմ, առաջին իսկ օրը, Տեխասի դեմ կռվելու փոխարեն, ձեռք ձեռքի տված կաշխատեմ նահանգապետ Էբոթի և սահմանամերձ այլ նահանգների հետ՝ դադարեցնելու ներխուժումը, փակելու սահմանը և արագ սկսելու պատմության մեջ ամենամեծ արտաքսման գործողությունը: Նրանք, ում Բայդենը ներս է թողել, չպետք է իրենց հարմար զգան, քանի որ նրանք տուն են գնալու», - ընդգծել է Թրամփը:
Նահանգապետ Գրեգ Էբոթն արդարացրել է դատարանի վճիռն անտեսելու որոշումը՝ քննադատելով Բայդենին ներգաղթի մասին օրենքները չկիրառելու և խախտելու համար։ Տեխասի նահանգապետը վկայակոչել է Տեխասի՝ ներխուժումից պաշտպանվելու սահմանադրական իրավունքը՝ ընդգծելով, որ շարունակվում է երկրի հարավային սահման ժամանող ներգաղթյալների հոսքը:
«Քանի որ Բայդենի վարչակազմը իսկապես հրաժարվել է սահմանի անվտանգությունն ապահովելու և համապատասխան օրենքները կիրառելու իր պարտականությունից, Տեխասը, շատ պարզ, ապահովում է սահմանի անվտանգությունը», - հայտարարել է Էբոթը:
BBC-ն հավելում է, որ ԱՄՆ նահանգների կեսի՝ 25-ի հանրապետական նահանգապետերն աջակցություն են հայտնել Տեխասին՝ ԱՄՆ կառավարության հետ սահմանային դիմակայության սրման հարցում: Նահանգապետերը Էբոթի հետ համերաշխության համատեղ հայտարարություն են տարածել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր սահմաններ գծելու լիազորություն որևէ մեկը չունի․ Միրզոյան
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել է, թե Ադրբեջանը չի շարունակել կառուցողական մոտեցումը Հայաստանի հետ հարա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սպասում ենք Ադրբեջանի պատասխանին․ ԱԳ փոխնախարար
Դրանք քաղաքական հայտարարություններ են եղել, որոնց քաղաքական անդրադարձ չի եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Հայաստանը պետք է բացի քարտեզը, տեսնի՝ ինչ հարևաններ ունի. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է ՆԱՏՕ–ի ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հայտարարությունը ՆԱՏ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանի հետ թիմը խնդի՞ր ունի, հնարավո՞ր է՝ նա հեռացվի թիմից․ հարց՝ Վահագն Ալեքսանյանին
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանն անդրադարձել է էկոնոմիկայի նախարարությունում հայտնաբերված չարաշահումների...