ԱՄՆ–ն և Իրաքը կանցնեն երկկողմ համագործակցության՝ «ԻՊ»–ի դեմ պայքարում

Միացյալ Նահանգները և Իրաքը շուտով բանակցություններ կսկսեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում երկկողմ համագործակցության անցնելու շուրջ։ Այս մասին ասվում է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հայտարարության մեջ, որը տարածել է Պենտագոնի մամուլի ծառայությունը։


Ինչպես հետևում է Օսթինի հայտարարությունից, առաջիկա օրերին ԱՄՆ-ն և Իրաքը կսկսեն Բարձրագույն ռազմական հանձնաժողովի աշխատանքային խմբերի հանդիպումները։ Սա «կապահովի անցում դեպի կայուն երկկողմանի անվտանգության գործընկերության»՝ հիմնվելով ԻՊ-ի դեմ Իրաքի արշավի հաջողությունների վրա:


Աշխատանքային խմբերի փորձագետներն ակնկալում են մշակել «կոալիցիայի էվոլյուցիայի ամենաարդյունավետ ուղին»՝ «երբեք թույլ չտալու Իսլամական պետության վերածնունդը»։


Հունվարի 5-ին Իրաքի վարչապետ Մուհամմեդ ալ-Սուդանին ասել է, որ միջազգային կոալիցիայի ուժերի ներկայության հիմնավորումներն ավարտվել են, և Բաղդադը մտադիր է կոնկրետ քայլեր ձեռնարկել երկրում օտարերկրյա զինվորականների ներկայությանը վերջ տալու համար։ Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ մեկ օր առաջ ամերիկյան անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով Իրաքի մայրաքաղաքում սպանվել է շիայական «Հեզբոլլահ ալ-Նուջաբա» շարժման հրամանատարներից մեկը՝ Աբու Թակվան, ևս առնվազն վեց մարդ վիրավորվել է։