
Ժաննա Անդրեասյանը չի ճշտի ցնցուղի արժեքը. հարցն իր դաշտում չէ. Irakanum

ՀՀ ԿԳՄՍ–ից կոնկրետ չեն հստակեցնում ճշտել է արդյո՞ք նախարար Ժաննա Անդրեասյանը դպրոցի ցնցուղի արժեքն ու այդ մասին հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին գրում է Irakanum.am–ը:
ՀՀ ԿԳՄՍ–ից լրատվամիջոցի բանավոր հարցման ի պատասխան ասել են․ «Հայտնում ենք, որ Արմավիրի մարզի Արագած բնակավայրի Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում Ձեր կողմից հիշատակվող միջադեպի մասին պատմող տեսանյութում արձանագրված է, որ խնդիրը գտնվում է Քաղաքաշինության կոմիտեի գործառույթների շրջանակում»:
ԿԳՄՍ–ից առաջարկում են պարզաբանում ստանալու նպատակով դիմել նշված կառույցին: «Միաժամանակ հայտնում ենք, որ նախորդ շաբաթ ՀՀ Լոռու և Արմավիրի մարզեր կատարած աշխատանքային այցի ընթացքում նորակառույց ուսումնական հաստատություններում մարզադահլիճների գույքի հետ կապված խնդիրները քննարկվել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում հրավիրված աշխատանքային խորհրդակցության ժամանակ: Նախարարի հանձնարարությամբ ձևավորվել է աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի խնդիրների գույքագրմամբ, լուծումների վերաբերյալ առաջարկների մշակմամբ»։
Կայքը գրում է. «Այլ կերպ ասած ԿԳՄՍ–ից շեշտում են, որ ցնցուղի արժեքը ճշտողն իրենք չեն, այլ քաղաքաշինության կոմիտեն»։
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզ կատարած աշխատանքային այցի ժամանակ Փաշինյանը եղել էր Արագած բնակավայրում: Նա ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, գրելով, որ 348 աշակերտ ունեցող Մ. Մեխակյանի անվան միջնակարգ դպրոցում կառուցվել է նոր մարզադահլիճ և հանդիսությունների դահլիճ: Տեսանյութում Նիկոլ Փաշինյանը նախարար Ժաննա Անդրեասյանին տվեց մարզադպրոցի լոգարանի ցնցուղն ու ասաց. «Տիկի՛ն Անդրեասյան,սա վերցրեք, տեսեք` տեխնիկական բնութագրում ինչ արժե և ինչ արժե շուկայում, ամենայն լրջությամբ եմ ասում»։