Արաքս գետի վրա պատնեշի կառուցման նախագիծը համաձայնեցվում է Թուրքիայի հետ

Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման նախագիծը, անհրաժեշտության դեպքում, համաձայնեցվում է Թուրքիայի հետ: Այս մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի ծառայությունից։


Արաքսավան և Բուրաստան համայնքների շրջանում Արաքս գետը նախկին հուն վերադարձնելու համար պատնեշի կառուցման արժեքը կկազմի մոտ 1 մլն դոլար:


Նախարարության մամուլի ծառայությունից նշեցին, որ ՀՀ ՏԿԵ նախարարության ջրային կոմիտեի կողմից կնքված պայմանագրի համաձայն՝ շինարարական աշխատանքներն իրականացվելու են «ԱՍ ՇԻՆ ՏՐԱՆՍ» ՍՊԸ-ի կողմից։


«Ներկայումս ընթանում են նախագծային փաստաթղթերը ՌԴ սահմանապահ զորքերի ղեկավարության, անհրաժեշտության դեպքում նաև թուրքական կողմի հետ համաձայնեցնելու ու դրանց ընթացակարգերի վերաբերյալ քննարկումներ անելու փուլերը, որոնց ավարտից հետո կմեկնարկեն շինարարական աշխատանքները», - նշված է պատասխանում։


Վերոհիշյալ պայմանագրի և նախագծանախահաշվային փաստաթղթերի համաձայն՝ շինարարական աշխատանքների տևողությունը 16 ամիս է։