
Ցանկացած սխալ կարող է վտանգի ենթարկել Սեուլը. Կիմ Չեն Ընի քրոջ նախազգուշացումը

Հյուսիսային Կորեայի զինված ուժերն արդեն «հեռացրել են (զենքի) ապահովիչը», հարավկորեական զինվորականների ցանկացած սխալ կարող է վտանգի ենթարկել Սեուլը: Այս մասին հայտարարել է ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ նրա խոսքերը մեջբերել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։
«Թույլ տվեք մեկ անգամ ևս բացատրել. մեր բանակն արդեն հանել է ապահովիչը ձգանից: Նույնիսկ աննշան սադրանքի դեպքում մեր զորքերն անմիջապես կրակ կբացեն»,- ասել է Կիմ Յո Չժոնը:
«Ես շատ եմ ցավում Կորեայի Հանրապետության բնակչության համար, ովքեր ստիպված են իրենց «անվտանգությունը» վստահել այս տգետներին և հսկայական գումարներ տալ նրանց հարկերից», - ասել է Կիմ Յո Յոնգը։
Նա նաև առաջարկել է մտածել, թե ինչ վտանգի կենթարկվի Սեուլը, որտեղ ապրում է ավելի քան 10 միլիոն մարդ, եթե միջադեպ տեղի ունենա «անգրագետ ավազակների սխալների և սխալ ենթադրությունների հետևանքով»։
«Վերջերս Կորեայի Հանրապետության ռազմական ավազակները, երբ խոսում են պատասխան որոշ սկզբունքների մասին, համառորեն օգտագործում են «անմիջապես, ուժեղ և մինչև վերջ» բառերը, նրանք պետք է հասկանան, որ այս արտահայտությունը կարող է վերածվել իրենց մահվան և վերջին»,- զգուշացրել է Կիմ Յո Չժոնը։
Նա կրկնել է, որ սխալները, սխալ դատողությունները և համառությունը «անուղղելի դժբախտություններ կառաջացնեն»։