
Ո՞վ կգլխավորի Եվրոպական խորհուրդը, եթե Միշելը հրաժարական տա

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարող է ժամանակավորապես գլխավորել Եվրոպական խորհուրդը, եթե կազմակերպության ներկայիս ղեկավար Շառլ Միշելը հրաժարական տա: Այս մասին գրում է Politico-ն։
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը բելգիական երեք լրատվամիջոցների ասել է, որ հունիսին կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններում թեկնածու է առաջադրվելու։ Միշելի ներկայացուցիչը հաստատել է այս տեղեկությունը Politico-ին:
Միշելը ծրագրում է հայտնվել Եվրախորհրդարանում հուլիսի կեսերին, եթե ընտրվի, ինչը նշանակում է, որ ԵՄ առաջնորդները պետք է արագ համաձայնության գան Եվրոպական խորհրդի նախագահի իրավահաջորդի շուրջ: Եթե դա չհաջողվի, Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը, ում երկիրը հուլիսին ստանձնելու է ԵՄ Խորհրդի նախագահությունը, կղեկավարի հանդիպումները՝ խաղալով միջնորդի դերը, որը սովորաբար ստանձնում է Եվրոպական խորհրդի ղեկավարը։
«Սա այն սցենարն է՝ Օրբանի անվերահսկելի իշխանությունը Եվրախորհրդում 2024 թվականի Եվրոպական ընտրություններից անմիջապես հետո, որից ԵՄ մնացած 26 առաջնորդներից շատերը կցանկանային խուսափել՝ հաշվի առնելով նրանց և Օրբանի միջև լարվածության սրումը, օրինակ՝ Ուկրաինային աջակցության և Հունգարիայի կողմից օրենքի գերակայության ոլորտում խախտումների հարցում»,- գրում է թերթը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ Շառը Միշելը կհեռանա Եվրոպական խորհրդի նախագահի պաշտոնից: