Ինչ սպասել 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններից

«Ամերիկայի ձայնի» ռուսական ծառայությունը զրուցել է Ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Ալան Լիխտմանի և Նյու Հևենի համալսարանի պրոֆեսոր Մեթյու Շմիդտի հետ, թե ինչ սպասել 2024 թվականի նախագահական ընտրություններից և որ գործընթացներին ուշադրություն դարձնել։ Այս մասին տեեկանում ենք «Ամերիակայի ձայնից»:


Հունվարը լուրջ ազդեցություն կթողնի ԱՄՆ նախագահի աթոռի համար պայքարող թեկնածուների միջև ուժերի հավասարակշռության վրա. նոր տարվա առաջին ամսին Այովա և Նյու Հեմփշիր նահանգներում տեղի կունենան ներկուսակցական ընտրություններ՝ փրայմերիզներ։ Հանրապետական թեկնածուների համար դրանք նշանակում են պայքար՝ նախընտրական մրցավազքում մնալու համար։ Դեմոկրատների պարագայում իրավիճակը սակավ դրամատիկ է, բայց արձանագրվում է նախագահ Ջո Բայդենի վարկանիշի անկում:


Փորձագետներն ընդգծում են՝ դեռ վաղ է եզրակացություններ անել:


Ըստ Նյու Հևենի համալսարանի պրոֆեսոր Մեթյու Շմիդտի, հավանականությունը, որ մինչև հունվարի վերջ 7 հանրապետական թեկնածուներից միայն երկուսը կմնան ցանկում մեծ է։ Նրանք բոլորը պետք է անցնեն Այովա նահանգում կայանալիք ներկուսակցական ընտրությունների միջով, որը նախատեսված է հունվարի 15-ին: Հաջորդ փուլը Նյու Հեմփշիրի փրայմերիզն է՝ հունվարի 23-ին։


Ըստ փորձագետների, այս փուլում որոշիչը ոչ այնքան քվեներն են, որքան նվիրատվությունները, և հանրապետականների փրայմերիզների հավանական հաղթող է նշվում Դոնալդ Թրամփը:


«Չնայած, արդյունքների կանխատեսումը շատ դժվար է, քանի որ երբ խոսքը վերաբերում է փրայմերիզներին, ընտրողները պետք է ֆիզիկապես գան ու քվեարկեն, ինչը նշանակում է ջանք գործադրել: Նախագահական մրցապայքարից դուրս գալու հավանական թեկնածուների շարքում են Ռոն ԴեՍանտիսը, ով ժամանակին Թրամփի գլխավոր մրցակիցն էր, և Նյու Ջերսիի նախկին նահանգապետ Քրիս Քրիստին, ով դեմ է Թրամփին, բայց ակնհայտորեն չի կարողացել շահել հանրապետականների սրտերը: Փոքր են նաև Նիկի Հեյլիի շանսերը: Թրամփը շարունակում է պահպանել առաջատարի իր դիրքերը»,- նշում է պրոֆեսոր Ալան Լիխտմանը։


Ըստ փորձագետների, Բայենի պարագայում լուրջ խնդիր է նրա տարիքը, ինչպես նաև այն, որ շատերն են ԱՄՆ-ում համարում, որ Սպիտակ տան դեմոկրատական վարչակազմը այդպես էլ լուրջ հաջողությունների չի հասել տնտեսական խնդիրների լուծման գործում։


«Եթե խոսենք հաջողությունների մասին, ապա հանրապետականները, իհարկե, հասել են հաջողությունների․ թունավորել են միջավայրը և Սպիտակ տնից եկող ամեն ինչ ներկայացրել որպես աննշան ձեռքբերումներ»,- ասում է Շմիդտը։


Մոտ 40 տարի առաջ պրոֆեսոր Լիխտմանը մշակեց մի համակարգ, որը թույլ է տալիս կանխատեսումներ անել, թե որքան հավանական է տվյալ թեկնածուի հաղթանակը: Գիտնականը նշում է, որ իր գյուտը թույլ է տվել կանխագուշակել բազմաթիվ հաղթանակներ, որոնք քիչ հավանական էին թվում այլ փորձագետների կողմից։ Օրինակ, Ռոնալդ Ռեյգանի հաղթանակը՝ 1982 թվականի ընտրություններում, երբ Մեծ դեպրեսիայից հետո արձանագրվել էր ամենից վատ տնտեսական ճգնաժամերից մեկը:


Լիխտմանի համակարգը հաշվի է առնում ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող 13 կետեր՝ նախորդ միջանկյալ ընտրությունների արդյունքները, ովքեր են գործող նախագահի և նրա կուսակցության մրցակիցները, թեկնածուների խարիզման, մեկ շնչի հաշվով իրական տնտեսական աճը, գործող նախագահի առջև ծառացած ներքաղաքական և սոցիալական մարտահրավերները (զանգվածային բողոքի ակցիաներ, քաղաքական խոշոր սկանդալներ), արտաքին քաղաքական, ռազմական հաջողությունները, ձախողումները։


Ալան Լիխտմանի խոսքով, դեռ վաղ է խոսել 2024 թվականի նախագահական ընտրությունների կանխատեսման մասին. «Եթե դեմոկրատները ցանկանում են հաղթել, պետք է աջակցեն Բայդենին։ Նրանց հաղթաթղթերից մեկն այն է, որ իրենց թեկնածուն գործող նախագահն է»:


Մեթյու Շմիդտն հավելում է. «Դոնալդ Թրամփը հնարավորություն ունի դառնալ Միացյալ Նահանգների նախագահ, եթե հաղթի կամ երկարաձգի քրեական գործերը, որոնք իր դեմ են։ Եթե Ջո Բայդենը չշրջի իրավիճակը մինչև հուլիս, շատ մեծ է ռիսկը, որ նա ընտրություններում կպարտվի»:


508 տարբեր սոցհարցումների համաձայն, այսօր Ջո Բայդենի վարկանիշը 43%-ից մի փոքր ավելին է, իսկ Թրամփինը՝ 45%։ Սակայն, ըստ Լիխտմանի, Բայդենը չպետք է վախենա աջակցության մակարդակի անկումից, և այդ թիվը դեռ շատ անգամ կարող է փոխվել, գլխավորը՝ ստիպելն է դեմոկրատների ընտրազանգվածին գալ ընտրությունների։


Մանրամասնրերը՝ սկզբնաղբյուրում: