Հարվարդի ղեկավարը հրաժարական է տվել գրագողության և հակասեմականության մեղադրանքների ֆոնին

Հարվարդի համալսարանի նախագահ Կլոդին Գեյը հրաժարական է տվել իր դոկտորական ատենախոսության մեջ հայտնաբերված գրագողության և հակասեմականության մեղադրանքների պատճառով, հայտնում է Associated Press-ը:


Գործակալությունը նշում է, որ «պահպանողական ակտիվիստները» սկսել են տիկին Գեյին մեղադրել հակասեմիտիզմի մեջ այն բանից հետո, երբ Կոնգրեսի լսումների ժամանակ վերջինս չկարողացավ հստակ հայտարարել, որ համալսարանում հրեաների ցեղասպանության կոչերը խախտում են Հարվարդի վարքագծի քաղաքականությունը:


Հակասեմիտիզմի մեղադրանքները հանրության ուշադրությունը հրավիրեցին համալսարանի նախագահի 1997 թվականի դոկտորական ատենախոսության վրա, որը տիկին Գեյի քննադատների կարծիքով պարունակում էր գրագողություն: Ավելի ուշ Հարվարդի կառավարման խորհուրդը հայտարարեց, որ ատենախոսության մեջ հայտնաբերվել են «անպատշաճ մեջբերումների մի քանի դեպքեր», սակայն լուրջ խախտումներ չեն գտնվել:


Մի քանի օր անց ղեկավար մարմինը հայտնեց, որ ատենախոսության մեջ առկա են նաև «առանց հեղինակի նշման կրկնվող ձևակերպումների» ևս երկու օրինակ։ Խորհուրդը հայտարարեց, որ տիկին Գեյը կթարմացնի իր թեզը:


Կլոդին Գեյը Հարվարդի համալսարանի պատմության մեջ առաջին սևամորթ նախագահն է։ Նա այդ պաշտոնը ստանձնել է 2023 թվականի հուլիսին։ Վերջինս մասնագիտությամբ քաղաքագետ և տնտեսագետ է: Նա տնտեսագիտություն է սովորել Սթենֆորդի համալսարանում, իսկ քաղաքագիտություն և կառավարման տեսություն Հարվարդում:

Քաղաքականություն