Իրանն ու ԱՄՆ-ը համաձայնել են դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները. բացառիկ
Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագիրը նախատեսում է դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները, այդ թվում՝ Լիբանանում: Այս մասին վկայում է հուշագիրը, որի ենթադրյալ տեքստը հրապարակել է Al Arabiya հեռուստաալիքը։
Փաստաթղթի համաձայն՝ ԱՄՆ-ը պետք է վերացնի Հորմուզի նեղուցի մերձակայքում սահմանված ծովային շրջափակումը։ Իրանը, իր հերթին, պարտավորվում է ապահովել Պարսից ծոցում առևտրային նավերի երթևեկության վերականգնումը՝ հասցնելով այն մինչպատերազմական մակարդակի։
Թեհրանն ու Վաշինգտոնը նաև պարտավորվում են շարունակել բանակցությունները և առավելագույնը 60 օրվա ընթացքում հասնել վերջնական համաձայնության։ Այդ ժամկետը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ։
CNN-ի տեղեկություններով՝ համաձայնագիրը չի ներառում Իսրայելի զորքերի դուրսբերման պահանջը Լիբանանից։ Դրան զուգահեռ, Իսրայելի իշխանությունները հայտարարել են, որ իրենց չեն համարում այս համաձայնագրի կողմ և դրա դրույթներով կապված չեն:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշել է, որ Վաշինգտոնի և Թեհրանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունից անկախ՝ Իրանին չի թույլատրվի ունենալ միջուկային զենք։
«Համաձայնագիր լինի, թե ոչ, Իրանը միջուկային զենք չի ունենա՝ ոչ այսօր, ոչ վաղը։ Քանի դեռ ես Իսրայելի վարչապետն եմ, դա տեղի չի ունենա»,- ասել է նա։
Նեթանյահուն նաև ընդգծել է, որ Իսրայելը պատրաստվում է պահպանել իր ռազմական ներկայությունը Գազայի հատվածում, Լիբանանի հարավում և Սիրիայում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կհամարի իր անվտանգության համար։
Միևնույն ժամանակ Իսրայելի ընդդիմությունը կոշտ քննադատում է վարչապետին՝ պնդելով, որ ԱՄՆ–Իրան համաձայնագիրը դիվանագիտական պարտություն է Իսրայելի համար։ Ընդդիմության առաջնորդ, նախկին վարչապետ Յաիր Լապիդի խոսքով՝ Իսրայելը հայտնվել է բարդ իրավիճակում, որտեղ ստիպված է ընտրություն կատարել սեփական ռազմական գործողությունների և իր գլխավոր դաշնակցի՝ ԱՄՆ-ի հետ հարաբերությունների միջև։
Reuters-ի հետ զրույցում իսրայելցի մի շարք պաշտոնյաներ անանուն հայտարարել են, որ Իսրայելում համաձայնագիրը գնահատում են որպես անբարենպաստ և կարծում են, որ Վաշինգտոնի ու Թեհրանի բանակցությունների վրա իրենց ազդեցությունը սահմանափակ է եղել։
Իսրայելի էներգետիկայի նախարար Էլի Քոհենն էլ հայտարարել է, որ եթե Իրանը փորձի վերականգնել իր միջուկային կամ հրթիռային ծրագրերը, Իսրայելը պատրաստ կլինի գործել ինքնուրույն։
Փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ի կողմից նման համաձայնության աջակցությունը կարող է պահպանել Իրանի ազդեցությունը Լիբանանում, ինչը դժգոհություն է առաջացնում Իսրայելում։ Վերլուծաբանները նաև զգուշացնում են, որ եթե Իսրայելը փորձի խոչընդոտել համաձայնագրի իրականացումը, դա կարող է լուրջ լարվածություն առաջացնել Վաշինգտոնի և Թել Ավիվի հարաբերություններում։